Լրահոս
Օրվա լրահոսը

«Պլեբիսցիտար ժողովրդավարության» դրսեւորումները

Սեպտեմբեր 29,2021 14:30

Քաղաքացիներին չեն հարցնում՝ ո՞ր գործչի կամ կուսակցության ծրագիրն եք հավանում, նրանց հարցնում են՝ դուք ուզո՞ւմ եք, որ այս լիդերը ձեզ իշխի

Կենսաբանական եւ հասարակական երեւույթների զարգացման մասին կա երկու մոտեցում, որոնցից մեկը կարելի է կոչել էվոլյուցիոն, երկրորդին անուն տալը բարդ է՝ երեւի, «իրավիճակն արձանագրող»: Ըստ առաջինի, օրինակ, կենդանական աշխարհը միլիոնավոր տարիների ընթացքում անընդհատ առաջընթաց էր ապրում՝ սկսած, պայմանականորեն ասած, ինչ-որ ամեոբաներից ու վերջացրած մարդով, որն այդ զարգացման պսակն է եւ վերջնակետը: Ճիշտ նույն ձեւով Մարքսի մոտ հասարակական-քաղաքական ֆորմացիաները սկսվել էին նախնական-համայնական կարգերից եւ պիտի ավարտվեին կոմունիզմով, որն, ըստ նրա, մարդկության վերջնանպատակն է: Բայց 20-րդ դարում պարզվեց, որ տելեոլոգիկական (վերջնական նպատակ դնող) մոտեցումն այս դեպքում, համենայնդեպս, սխալ է: Բայց մոտավորապես 1990 թվականից հետո դրվեց մեկ այլ համընդհանուր վերջնանպատակ՝ աշխարհի բոլոր երկրները, իբր, ի վերջո կհասնեն արեւմտյան տիպի ազատական ժողովրդավարության եւ շուկայական հարաբերությունների. այդ տեսության համաձայն, տարբեր երկրներ այդ «իդեալին» մոտենալու ճանապարհի վրա տարբեր տեղերում են: Անկեղծ ասեմ. 1990-ական թվականներին ես էլ էի դրան հավատում, հիմա էլ եմ կարծում, որ այդ համակարգի որոշ տարրեր պարտադիր պետք է կիրառվեն Հայաստանում: Բայց կյանքը ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան էլ պարզ ու միագիծ չէ:

Իմ մտորումների հիմքում առաջին հերթին ռուսաստանցի քաղաքագետների կողմից հնչեցվող գաղափարներն են: Ինչու հենց նրա՞նց՝ շատ պարզ. որովհետեւ հենց այդ երկրից ենք մենք առավելապես կախված, վերջին մեկ տարում՝ առավել, քան երբեւէ: Եվ ահա նրանք շրջանառության մեջ են վերադարձրել «պլեբիսցիտար ժողովրդավարություն» գաղափարը: Դժվարանում եմ հայերեն համարժեքը գտնել, բայց խոսքն այնպիսի ժողովրդավարություն մասին է, որով մեծամասնությունը՝ այս կամ այն կերպով կազմակերպած կամարտահայտությամբ, անվերապահ աջակցությունն է հայտնում լիդերին եւ տալիս է նրան անվերահսկելի կառավարում իրականացնելու մանդատ (այդ մանդատի մետաղի անվանումը տվյալ դեպքում կարեւոր չէ):

Ինչո՞վ է դա տարբերվում ազատական ժողովրդավարությունից: Վերջինիս դեպքում կուսակցությունները կամ թեկնածուները հանդես են գալիս իրենց ծրագրերով, ու այդ մրցակցության մեջ քաղաքացիներն ընտրում են լավագույնը, իսկ հետո վերահսկում են, որ խոստումները կատարվեն: Այդպես չէ Ռուսաստանում՝ սկսած առնվազն 2000 թվականից. Պուտինը «չի հաղթում» ընտրություններում՝ այն իմաստով, ինչպես որ դա անում են Թրամփը կամ Բայդենը: Ծիծաղելի կլինի պնդել, որ նա, օրինակ, 2018 թվականին հաղթել է Գրուդինինին: Պուտինը գնում է ժողովրդի մոտ եւ հարցնում է՝ «դուք ինձ վստահո՞ւմ եք ձեզ թագավորելու մանդատը», եւ ժողովրդի մեծամասնությունն ասում է՝ «այո»: Նույն կամարտահայտության դրսեւորումն եղավ այս տարվա սեպտեմբերին, երբ քաղաքացիների մեծամասնությունը վերահաստատեց իր նվիրվածությունը Պուտինին, որն այս պարագայում հանդես եկավ «Միասնական Ռուսաստանի» տեսքով: Խորհրդարանը, կուսակցությունները, դրանց ծրագրերն այս համակարգում որեւէ դեր չեն խաղում՝ նշանակություն ունի միայն առաջնորդը եւ նրան բարձրաձայն ասված «այո»-ն:

«Պլեբիսցիտար ժողովրդավարության» հայեցակարգի հեղինակային իրավունքը ռուսաստանցի քաղաքագետներինը չէ. ինչպես եւ շատ բան այդ երկրում, այս գաղափարը նույնպես եկել է 19-րդ դարի Գերմանիայից՝ թեեւ, այսպես կոչված, «կեսարիզմը» գալիս է դարերի խորքից: Վերջնականապես այս ձեւակերպումը տվել է Մաքս Վեբերը, որը, կարելի է ասել «կապիտալիստական Կարլ Մարքսն է»՝ նույնքան ազդեցիկ դասական է: Վեբերը ոչ միայն տեսականորեն ապացուցում էր նման ժողովրդավարության անհրաժեշտությունը, այլեւ գործնականում փորձում էր այն կիրառել քաղաքականության մեջ՝ դառնալով Վայմարյան հանրապետության սահմանադրության հեղինակներից մեկը:
Թե ինչին հանգեցրեց առաջին դեմքին բռնապետական «մանդատ տալու» քաղաքական պրակտիկան 1933 թվականին, բոլորին հայտնի է:

Պարզ է, որ ոչ Վեբերը (որը մահացավ 1920 թվականին), ոչ նրանից ազդված Կարլ Շմիդտը եւ Յոզեֆ Շումպետերը ոգեւորված չէին այդ հեռանկարով: Բայց եկեք ընդունենք, որ «պլեբիսցիտար ժողովրդավարության» գաղափարի կիրառումը կարող է վերածվել թե՛ հիտլերյան մարդակեր ռեժիմի, եւ թե՛ շատ ավելի «նորմալ» ավտորիտար համակարգերի: Կարեւորը սկզբունքն է. «ժողովրդավարությունը ժողովրդի իշխանություն չէ՝ դա վերնախավի իշխանություն է, որին ժողովուրդն իր հավանությունն է տալիս», – գրում էր Շումպետերը: Ի դեպ, Անդրանիկ Միհրանյանը (որին, հասկանալի պատճառներով, չեն սիրում ներկայիս իշխանության կողմնակիցները) անցումային շրջանում՝ 1980-90 -ականների սահմանագծին նման նախագիծ էր առաջարկում Ռուսաստանի համար՝ վկայակոչելով հենց Մաքս Վեբերին: Սակայն մինչեւ 2000-ականների սկիզբն այդ նախագիծը կյանքի չէր կոչվում:

Հայաստանը Ռուսաստանին շատ քիչ է նման, եւ մեր լիդերներին էլ դժվար է համեմատել Պուտինի հետ: Բայց եկեք փորձենք հասկանալ 1995 թվականից սկսած ընտրությունների (եւ հանրաքվեների) իրական քաղաքական բովանդակությունը: Արդյո՞ք հարց էր դրված, թե որ կուսակցությունները, գաղափարները կամ ծրագրերն են ավելի կիրառելի մեր երկրի համար: Ոչ, հարցը դրված էր այսպես. «դուք ուզո՞ւմ եք, որ ձեզ իշխի Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը կամ Սարգսյանը»: Պատասխանն էր՝ «ո՛չ»: Բայց իշխանությունն ասում էր՝ «թեեւ դուք ասում եք «ոչ», բայց, միեւնույն է, մենք իշխելու ենք»: Դա, իհարկե, վիրավորական էր, գուցեւ շատերի համար նաեւ՝ տրավմատիկ: 2018 եւ 2021 թվականներին նույնպես հարց չէր դրված, թե արդյոք ձեզ դուր են գալիս «Իմ քայլի» կամ «ՔՊ»-ի ծրագրերը: («Վարչապետը սպիտակ թուղթ էլ ներկայացնի, միեւնույն է, նրա ծրագրին կողմ եմ քվեարկելու», – ասում էր նրա կողմնակիցներից մեկը): Մարդկանց հարցնում էին՝ «դուք Փաշինյանին կառավարելու մանդատ տալի՞ս եք, թե՞ չեք տալիս»: Եվ մեծամասնության պատասխանն էր՝ «այո, տալիս ենք»: Ընդդիմության կողմնակիցները երբեմն իրենց սփոփում են, թե 2021-ին այդ «այո»-ն ասել է ընտրության իրավունք ունեցողների 25 տոկոսը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ քվեատուփերի մոտ չգնալով կամ ներկա խորհրդարանական ընդդիմադիրներին «այո» չասելով՝ մարդիկ նույնպես արտահայտել են իրենց դիրքորոշումը:

Ավելին, ըստ նույն տեսության, պարտադիր չէ, որ «պլեբիսցիտն» արտահայտվի միայն քվեարկության միջոցով: Փաշինյանն այս երեքուկես տարում մի քանի անգամ անցկացրել է «վստահության հանրաքվե» եւ ստացել է իր «այո»-ն: Երբ նրան պետք էր, որ 2017 թվականին ընտրված խորհրդարանն արագորեն լուծարվի, նա, արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնելով, կոչ արեց իր կողմնակիցներին «դըմփ-դըմփ-հու»-ով ճնշել օրենսդիրներին, եւ այդ կողմնակիցները պատրաստակամորեն եկան ԱԺ-ի մոտ: Երբ վարչապետին պետք էր վախեցնել դատավորներին, որ նրանք ընդունեն քաղաքական ղեկավարությանը ձեռնտու որոշումներ, նա իր կողմնակիցներին ուղարկեց դատարանները շրջափակելու: Հրայր Թովմասյանին՝ ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելու հանրաքվեն իրականում նվիրված չէր այդ պաշտոնյային. հենց իշխանության ներկայացուցիչներն էին ասում, որ դա Փաշինյանին վստահելու հանրաքվե կլինի, եւ եթե այն կայանար, ապա արդյունքներն ինձ մոտ կասկածներ չեն առաջացնում: Պատերազմում խայտառակ պարտությունից հետո էլ վարչապետը մի քանի անգամ Հանրապետության հրապարակ էր կանչում իր կողմնակիցներին, եւ վերջիններս պատրաստակամորեն գալիս էին: Ինձ թվում է, բոլոր թվարկած փաստերը «պլեբիսցիտար ժողովրդավարության» վառ դրսեւորումներ էին: («Народ по вызову»՝ իր երկրում այս համակարգը մեկնաբանելով, կատակել է Ռուսաստանի քաղաքագետերից մեկը):

Ինչու է կարեւոր այս ամենը հասկանալ: Նախ՝ իրականությանը բաց աչքերով նայելու համար՝ անկախ նրանից, թե ում է այն դուր գալիս, ում՝ ոչ: Երկրորդ՝ անիրատեսական սցենարներ չքննարկելու եւ հույսեր չփայփայելու, որ Հայաստանում երբեւէ ազատական ժողովրդավարություն կհաստատվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930