Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Գյումրի համայնքի հուշամեդալ»-ով է պարգևատրել Շիրակի մարզի ազգաբնակչության կյանքում անփոխարինելի դերակատարություն ունեցող բժիշկներից մեկին՝ Վազգեն Մահտեսյանին։
Քաղաքապետի որոշման հիմքում բժշկի՝ առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդը, ջանքերը և 30-ամյա աշխատանքային գործունեությունն է։ Մեդալը բժշկին է հանձնվել «Գյումրու օր» տոնակատարությանը։
Նշենք, որ Վազգեն Մահտեսյանը գլխավորում է «Կումայրի» ախտորոշիչ բժշկական կենտրոնը, նա 1991 թվականից այստեղ աշխատել է որպես ռադիոլոգ, բժիշկ, սոնոգրաֆիստ, իսկ 2009 թվականից կենտրոնի տնօրենն է։
Կարդացեք նաև
Վազգեն Մահտեսյանը հայտնի է իր ճշգրիտ ախտորոշումներով։
Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, մեկնաբանելով ճանաչված բժշկին քաղաքապետի ոսկե մեդալ հանձնելու նախաձեռնությունն, ասաց․ «Վազգեն Մահտեսյանը պրոֆեսիոնալ է, նվիրված, նրա ախտորոշումները շատ հաճախ տանում են հանրապետության տարբեր բուժհաստատություններ, ինչպես նաև արտերկրի հեղինակավոր բուժհաստատություններ ու այնտեղ ևս հիանում են, որ նման մակարդակի բժիշկ ունի Գյումրին։
Նրա ախտորոշումներն հստակ են, նա բացառիկ է իր ոլորտում։ Ժամանակին ճիշտ ախտորոշման շնորհիվ շատ կյանքեր են փրկվել, որը մեզ համար շատ կարևոր է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի