ԱՄՆ-ի նախագահ Ջո Բադենը երկուշաբթի օրն ընդունեց քովիդ հիվանդության դեմ պատվաստանյութի երրորդ` խթանիչ չափաբաժինը, ժողովրդի մի հատվածին Pfizer պատվաստանյութի երրորդ չափաբաժինը ներարկելու մասին կառավարության ընդունած որոշումից մի քանի օր անց:
Սպիտակ տանը Բայդենը լրագրողներին ասաց, թե‘ «խթանիչ չափաբաժինները կարեւոր են, սակայն ամենակարեւորն ավելի մեծ թվով այն մարդկանց պատվաստելն է, որոնք դեռեւս չեն ստացել նույնիսկ առաջին չափաբաժինը»:
Նրա խոսքերով, չափահաս ամերիկացիների ավելի քան 77 տոկոսը ստացել է առաջին չափաբաժինը: «Սակայն 23 տոկոսն առհասարակ չի ստացել որեւէ ներարկում: Եվ այդ փոքրամասնությունն է այսօր հարուցում ամենամեծ խնդիրը, ամենամեծ վնասը հասցնում երկրին», ասել է Բայդենն ու ավելացրել, որ այս համավարակը չպատվաստված անձանց համավարակ է: «Այդ պատճառով եմ ես առաջ մղում պատվաստելու համար նոր պայմաններ», ասել է նա:
Ասենք, որ Բայդենը երրորդ չափաբաժնով ներարկում ստացավ երկրորդ չափաբաժինն ընդունելուց ութ ամիս անց:
Կարդացեք նաև
Երրորդ չափաբաժինն է ստացել նաեւ Սենատում հանրապետականների ղեկավար Միթչ ՄաքՔոնելը: Նա նույնպես հորդորում է ամերիկացիներին պատվաստումներ ստանալ ընդդեմ կորոնավիրուսի:
ԱՄՆ-ում խթանիչ չափաբաժինն այժմ տրվում է նրանց, ովքեր ստացել են Pfizer-BioNTech ընկերության պատվաստումներ առնվազն վեց ամիս առաջ:
Բայդենի խոսքերով, իր կինը` Ջիլ Բայդենը նույնպես շուտով պիտի ստանա պատվաստանյութի երրորդ չափաբաժինը: