Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Կատարվեց իր երազանքներից մեկը՝ ինքը հասցրեց դառնալ իր զինակից ընկերոջ կնքահայրը»

Սեպտեմբեր 28,2021 22:30

Կայացավ հուշ-երեկույթ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Դանիելյանի հիշատակին

Սեպտեմբերի 26֊ին Արարատի մարզի Հովտաշատ համայնքի մշակույթի տանը կայացավ «Վերջին խոսքեր՝ Պատիվ ունեմ» խորագիրը կրող հուշ-երեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Դանիելյանի հիշատակին։ Միջոցառման բացմանը Դավիթի եղբայրը՝ Կարեն Դանիելյանը, շնորհակալություն հայտնեց որդեկորույս, հերոսածին մայրերին և ասաց, որ մեր պատմությունը շարունակվել է դարերով ու ողողված եղել մայրական արցունքներով, և դա է, որ պարտավորեցնում է գալիք սերունդներին վրեժ լուծել.

«Հերոսները մահանում են այն ժամանակ, երբ դադարում ենք հիշել նրանց։ Մենք պատրաստ ենք մեծարել և վառ պահել նրանց հիշատակը»,-ասաց նա։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին խաղաղություն կերտած և անմահացած հայորդիների հիշատակին։ Հուշ-երեկույթին ներկա էին Դավիթ Դանիելյանի ծնողները, հարազատները, համագյուղացիները, ընկերները և Հովտաշատի միջնակարգ դպրոցի ուսուցիչները։ Միջոցառմանը հայրենասիրական երաժշտական և բանաստեղծական կատարումներով հանդես եկան Հովտաշատի միջնակարգ դպրոցի սաները։ Նրանք խոսեցին Դավիթ Դանիելյանի կյանքի, նրա անցած ուղու և կերտած սխրանքների մասին։ Հովտաշատի միջնակարգ դպրոցի աշակերտ Սամվել Մխիթարյանը, ով վարում էր միջոցառումը, պատմեց, որ Դավիթի սիրած ֆիլմերից մեկը «Կնքահայր» ֆիլմն էր, և Հերոսը քույրիկից, որպես ծննդյան նվեր, հենց այդ գիրքն էր խնդրել, սակայն պատերազմը թույլ չտվեց կարդալ այն.

«Դրա փոխարեն կատարվեց իր երազանքներից մեկը՝ ինքը հասցրեց դառնալ իր զինակից ընկերոջ կնքահայրը»,- ասաց Սամվելը։

Լուսանկարը՝ Դավիթ Դանիելյանի մոր՝ Քրիստինա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Մեզ հետ զրույցում Դավիթի դասընկերուհի Հասմիկ Մանուկյանը ասաց, որ Դավիթը չափազանց բարի էր, համեստ, խելացի, ուներ մեծ և բարի սիրտ.

«Դավիթը ապրեց ընդամենը 19 տարի 44 օր, սակայն կերտեց այնպիսի կյանք, որը կհիշենք մենք և մեր սերունդները»,-ասաց նա։

Հուշ-երեկույթի վերջում ներկաները ծաղիկներ խոնարhեցին Դավիթի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի առջև, որը տեղադրված է մշակույթի տան դիմաց։ Երեխաները, ի նշան խաղաղության, երկինք բաց թողեցին ճերմակ փուչիկներ՝ հետևյալ խոսքերով.«Դա՜վ, դու մեզ հետ ես,հավե՜տ…»։

Դավիթը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 27-ին Արարատի մարզի Հովտաշատ համայնքում։ Բանակ է զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 24-ին ։ Պատերազմի օրերին տանկով կասեցրել է թշնամու գրոհը, կռվել թեժ վայրերում՝ Դրնբոնում, Մարտակերտում, Բերձորում, Լաչինում, Շուշիում։ Վիրավոր լինելով՝ օգնել է ընկերներին և պատերազմի 24-րդ օրը արժանացել «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։ 44-օրյա պայքարից հետո Դավիթը նոյեմբերի 9-ին զոհվել է Մարտունիում։ Ցուցաբերած արիության համար հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի։

Քրիստինե Թորոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930