ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
Սեպտեմբերի 28-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդամներ Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, Արամ Վարդեւանյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Սեյրան Օհանյանը կարեւորել է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը, երկու պետությունների միջեւ առկա քաղաքական երկխոսությունը: «Երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները նպաստում են միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ արդյունավետ համագործակցությանը»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում խորհրդարանականները խոսել են պատերազմի հետեւանքով երկրում ստեղծված իրավիճակի, Հայաստանի Հանրապետության սահմանների եւ ճանապարհների անվտանգության մասին:
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված հանցագործություններին, մասնավորապես մարդկանց եւ պատմամշակութային արժեքների հանդեպ իրականացվող վայրագություններին:
Հատուկ ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարեւորությունը գերիների վերադարձի եւ անհետ կորածների հայտնաբերման գործում:
«Հայաստան» խմբակցության անդամները խոսել են դատաիրավական համակարգում առկա խնդիրների, ինչպես նաեւ «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին:
Անդրադարձ է կատարվել խորհրդարանում «Հայաստան» խմբակցության դերակատարությանը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ Ազգային ժողով