Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի համար մեղադրանքն անընդունելի եւ վիրավորական է (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2021 19:30

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրի առաջ երեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ին ավտոմեքենաների երկար շարք էր ձգվում, իսկ մուտքի մոտ մարդկանց կուտակումներ էր։ Դատական կարգադրիչները մետաղորսիչով հերթական նիստի մասնակիցներին էին ստուգում։ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում գտնվող Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի դատավարությունն էր։ Պատգամավորի հետ ամբաստանյալի աթոռին են նաեւ Մեղրի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արմեն Սամվելյանն ու Մեղրի համայնքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանը։

Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով․ 308 հոդված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը եւ 314 հոդված՝ պաշտոնական կեղծիք կատարելը։ Ըստ մեղադրանքի, որպես արգելոց հանդիսացող տարածքը չի ընդգրկվել համայնքի գլխավոր հատակագծի մեջ եւ սեփականաշնորհվել է քաղաքացիներից մեկին։ Նախ, պետական մեղադրող Արմեն Օսեյանը մոտ 40 րոպե ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։Դրանից հետո նախագահող դատավորը փորձեց պարզել, թե արդյո՞ք մեղադրանքը հասկանալի էր ամբաստանյալներին։

Մխիթար Զաքարյանը հայտարարեց, որ չի ընդունում մեղքը եւ հատկապես, անհասկանալի տերմիններ կան։ «Անկեղծ ասած, ես երբեւիցե անօրինական հրաման չեմ տվել եւ ի վնաս համայնքի երբեք չեմ շարժվել։ Եվ այս որակումները՝ շահադիտական նպատակ, դիտավորություն, հանցավոր համաձայնություն՝ ինձ համար ոչ միայն անհասկանալի է, ոչ միայն չեմ ընդունում դրանք, այլ նաեւ՝ վիրավորական է։ Մնացած գործարքները մեր ընթացիկ աշխատանքն է, բազմաթիվ նման գործարքներ ենք արել։ Ժողովրդական լեզվով ասած, այդ քաղաքացու տարածքն է եղել, դիմել է՝ սեփականաշնորհել ենք»,-ասաց պատգամավորը։ Մխիթար Զաքարյանի խոսքով՝ ինքը նույնիսկ վարչական խախտում չի արել եւ կուզեր , որ ամեն ինչ ջրի երես դուրս գա։ Դատավոր Նապոլեոն Օհանյանը պարզաբանեց, որ դատավարությունը հենց այդ նպատակն ունի՝ պարզելու, թե իրականում ինչ է եղել։

Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանի համար էլ պարզ չէր մեղադրանքի որոշ կետեր։ «Օրինակ ջրային օբյեկտների եւ ավազանների առափնյա շերտեր, մենք յուրաքանչյուրս կարող ենք պատկերացնել,վերլուծություն անել՝ հասկանալու ինչի մասին է խոսքը։ Եթե այս տերմինները առանցքային նշանակություն ունեն, հետեւաբար կարծում եմ մեղադրանքի կողմը պիտի պարզաբանի, որպեսզի դատարանն ու պաշտպանական կողմը հասկանան»,–ասաց Սարգսյանը։

«Ջրային օբյեկտը հենց Շամբ կոչվող լիճն է, իսկ առափնյա հատվածը, անմիջապես դրա հարակից հատվածն է, որը օտարվել է եւ որի մասին կա ներկայացված մեղադրանքում»,-պարզաբանեց դատախազ Արմեն Օսեյանը։ Պետական մեղադրողի պարզաբանումը չբավարարեց պաշտպանական կողմին, եւ Երեմ Սարգսյանը հայտարարեց՝ «սա չի կարող լինել պարզաբանում, քանի որ այդպես էլ չհասկացվեց որն է առափնյա հատված»։ Մյուս երկու ամբաստանյալները՝ Արմեն Սամվելյանն ու Արտավազդ Արզումանյանը առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չճանաչեցին։

Այնուհետեւ դատարանը որոշեց նախ ուսումնասիրել քրեական գործում առկա ապացույցները, հետո լսել վկաների ցուցմունքները։ Մինչեւ աշխատանքային օրվա վերջը դատարանը լսեց վկաներին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 20-ին։

Հ․ Գ․ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ պիտի շարունակվեր ԱԺ «Հայաստան» դաշինքի մյուս պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի դատավարությունը։ Նրա հետ մեղադրյալի աթոռին են եւս 5 հոգի․ Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Ավետ Սարգսյանը, Սեյրան Արիստակեսյանը, Գոռ Մանուչարյանը, Գրետա Թունյանը, Նունե Գասպարյանը, Վարդան Իվանյանը։ Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 14-ին, քանի որ Սեյրան Արիստակեսյանի պաշտպանը փոխվել է, եւ պիտի ծանոթանար նյութերին։ Մյուսների պաշտպանները այլ գործերով ծանրաբեռնված են եղել եւ հարգելի պատճառներով չեն կարողացել հասնել Գորիս։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930