Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 hեռուստաալիքին՝ հայտարարելով, որ դեմ չէ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե նման բան կազմակերպի ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Պատերազմն ավարտված է, տարածաշրջանը կանխատեսելիության և կայունության կարիք ունի: Անցյալ շաբաթ Նյու Յորքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը լավ ցուցիչ է այն բանի, որ երկխոսությունը կարելի է վերականգնել և փնտրել խաղաղ լուծում: Ես հույս ունեմ, որ հանդիպումները սկիզբը կդառնան Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի, Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության»,- ասել է Ալիևը:
Նա հիշեցրել է, որ հնարավորություն ունեցել է հանդիպել Հայաստանի վարչապետի հետ այս տարվա հունվարին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:
«Այդ հանդիպումը նվիրված էր հետպատերազմյան գործակցությանը: Մենք հնարավորություն չենք ունեցել հանդիպել, այդ թվում համավարակի և այլ պատճառներով: Ադրբեջանը երբեք չի հրաժարվել բարձր մակարդակով երկխոսությունից: Այդ շփումները թույլ են տալիս պարզաբանել հարցեր: Մեր դիրքորոշումը հստակ է. հակամարտությունն ավարտված է, հետ դառնալու կարիք չկա, պետք է նայել դեպի ապագա»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Լրագրողի հարցին՝ արդյոք նա պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետի հետ, Ալիևն ասել է, որ «երկու առաջնորդների շփումներն ավանդաբար անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի «անձրևանոցի» տակ»: «Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես գա նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ, մենք դեմ չենք լինի»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ