Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը ընդամենը խնդրեց, որ օգնեք մեզ, փրկվենք, էլի, սա արժանապատվության խոսք չէր». Արծվիկ Մինասյան

Սեպտեմբեր 28,2021 17:00

«Աբսուրդ է. իրենք որոշում են կայացրել, ծրագրավորված պարտության են տարել երկիրը, մեղավորը ընդդիմությունն է: Նույնիսկ չեն էլ խորշում կեղծ ու սուտ տեղեկություններ ասելուց»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նա հիշեցրեց, որ ընդդիմությունը պատերազմի ժամանակ քաղաքականությունը դրել է մի կողմ ու ասել՝ գնում ենք ճակատ ու հիմա իշխանականները ստում են՝ ասելով, թե պատերազմի ժամանակ ընդդիմությունը հավաքներ էր անում. «Այս աստիճանի կեղծե՞լ, ստե՞լ իրականությունը: Սա նշանակում է, որ մենք գործ ունենք իշխանության հետ, որը բացարձակ պատրաստ չէ ՀՀ անվտանգության հարցերով ներգրավի համահայկական կարողությունները: Ինքը չի գիտակցում՝ ինչ փաստի առաջ է կանգնեցրել մեր երկիրը, այս իշխանությունը ի՞նչ պետք է անի՝ իհարկե, պետք է գնա»:

Խոսելով ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին, որի հետ կապված տարբեր գնահատականներ կան՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե այդ ելույթը լիներ Էրդողանի, Ալիեւի ելույթից առաջ, դեռ կարելի էր հասկանալ, բայց երբ Ալիեւը հոխորտում է, Հայաստանին մեղադրում են բաների մեջ, որ իրենց հանցավոր իշխանություններն են կատարել հայ ժողովրդի հանդեպ ու նման ելույթ ունենալ՝ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատրաստ չէ մեր ազգի արժանապատվությունը պահել, այլ կեղծ խաղաղասիրական օրակարգ է բերել՝ զոհասեղանին դնելով մեր ողջ ժողովրդի ապագա անվտանգ կյանքը. «Հնարավոր է ՄԱԿ-ի ամբիոնից հանգիստ խոսել, բայց չլինել պահանջատեր այն իրավիճակի ու դրա մեջ Ադրբեջանին, վարձկան ահաբեկիչներին, Թուրքիային չմեղադրել՝ առնվազն ոչ թե մեղմ, վախվորած տոնով խոսելու, այլ համարձակ, փաստերով ներկայացնելու իրավիճակը, դեօկուպացիայի օրակարգը մեջտեղ բերելով, որպեսզի ստանանք նաեւ համաշխարհային աջակցություն… Նիկոլ Փաշինյանը իր այդ խոսքերով, թեթեւ ակնարկներով ընդամենը խնդրեց, որ օգնեք մեզ, փրկվենք, էլի: Սա արժանապատվության խոսք չէր: Սա իրենց կեղծ խաղաղասիրական օրակարգի սպասարկմանը ուղղված, անբացատրելի ձեւով Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող վարքագիծ էր»:

Մինասյանը հանուն արդարության ասաց, որ Փաշինյանի նախկին վախվորած վիճակից սա գուցե քայլ առաջ էր, բայց պահանջատիրական ելույթ չէր, ի վերջո հայ ժողովրդի մի ամբողջ սերնդի ոչնչացում էր եղել ու չխոսել գերեվարված մեր զինվորներին անհապաղ ազատ արձակելու մասին՝ չէր կարելի. «Հանրության մոտ հիմնավոր կասկածներ կան, որ այս պատերազմը եւ պարտությունը ծրագրավորված էր: Այս տիպի ելույթները օգնում են, որ այդ կարծիքները էլ ավելի հիմնավորվեն: Ես չգիտեմ իր խորհրդատուները ովքեր են, թշնամական պետությունների հետ կապ ունեն, թե չէ, այնուամենայնիվ, կա ձեռագիր»:

Մինասյանը շեշտեց, որ Հայաստանը թրքացման տանող ուժից պետք է ձերբազատվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930