Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը և Լին Թրեյսին անդրադարձել են նաև Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին

Սեպտեմբեր 28,2021 17:14

Սեպտեմբերի 28-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը գնահատելի է համարել նախորդ շրջանի ակտիվ և արդյունավետ համագործակցությունը: Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը զուգահեռ Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Նա առանձնացրել է երկկողմ հարաբերություններում տնտեսական օրակարգի առաջ մղման կարևորությունը՝ ընդգծելով տարբեր ուղղություններում ԱՄՆ-ի ներգրավվածության օգտակարությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, էներգետիկ, մասնավորապես՝ կանաչ էներգիայի արտադրության ոլորտներում: Փոխվարչապետը շեշտել է, որ նշյալ ոլորտների զարգացման գործում գնահատելի են ԱՄՆ-ի ներդրած ջանքերը և հույս հայտնել, որ աջակցությունը կլինի շարունակական:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն արտահայտելով, որ նոր կարգավիճակում արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է և ընդլայնվելու:
Կողմերը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումները, պարեկային ծառայության ստեղծումը, արդարադատական համակարգի և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները: Փոխվարչապետը ներկայացրել է նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած իր այցելության արդյունքները՝ ՔԿՀ-ների ենթակառուցվածքների և դատապարտյալների պահման պայմանների բարելավման հարցը համարելով օրակարգային:

Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների հաղթահարման հարցերին: Նկատի ունենալով վերջինիս ազդեցությունը ինչպես մարդկային կյանքերի և հանրային առողջության, այնպես էլ պետությունների տնտեսությունների վրա, շեշտվել է պատվաստանյութերի հասանելիության և պատվաստումների կարևորությունը՝ սահմանների բացման և ճանապարհորդությունների հարցում առկա սահմանափակումների մեղմացման համատեքստում: Ընդգծվել է, որ այս ուղղությամբ համատեղ և հետևողական ջանքերը միայն դրական արդյունքներ են տալու:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, ինչի կապակցությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԾ-ի շրջանակներում տրամադրված աջակցության համար՝ հույս հայտնելով, որ օժանդակությունը նոր տեսք կստանա, քանի որ նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Զրույցի ժամանակ քննարկվել են Հայաստանում միջազգային ներդրումների համար առողջ միջավայրի ապահովման, հակակոռուպցիոն ռեֆորմների, արդար տնտեսական և մրցակցային դաշտի ապահովման միջոցները: Անդրադարձ է կատարվել հանքաարդյունաբերության խնդիրներին՝ կարևորելով բնապահպանական ռիսկերի կառավարման, շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և ներդրումների երաշխավորման հարցերը:

Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը խոսել է այլընտրանքային ճանապարհների կառուցման ուղղությամբ ներկայումս կատարվող քայլերի մասին: Ըստ նրա՝ առաջիկա օրերին նախատեսվում է ավարտել 44 կմ նոր ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքները, որոնց կհաջորդի ասֆալտի նոր շերտի անցկացումը 17 կմ հատվածի վրա:

Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրել է Տաթև-Աղվանի հատվածում 18 կմ նոր ճանապարհի կառուցման մասին՝ անդրադառնալով 4 գյուղերի ուղղությամբ շրջանցիկ ճանապարհների կառուցմանը:

Փոխվարչապետը հայտնել է, որ արդեն մեկնարկել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ աշխատանքները:

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930