«ՄԻԵԴ-ն ուղիղ արձանագրել է, որ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չի եղել։ Այդ հանգամանքը մեր մեղադրանքում եղել է։ Ոչ, նոր հանգամանք չի կարող լինել, որովհետեւ դատական ակտը, որը մենք բողոքարկել ենք վերաքննիչ դատարանում, այնպես չի, որ կայացվել է այն պատճառաբանությամբ, թե արտակարգ դրություն հայտարարելու որոշումը եղել է օրինական։ ՄԻԵԴ-ի որոշման հետ 300.1 հոդվածի՝ հակասահմանադրական ճանաչվելն առնչություն չունի։ ՄԻԵԴ-ը տուժողների իրավունքների խախտումը շատ հստակ է արձանագրել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ը վերջերս բավարարել է «Հայկական ժամանակի» բողոքն ընդդեմ Հայաստանի, որով վիճարկվում էր 2008թ. նախագահական ընտրություններից հետո հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում թերթի հրապարակման վրա արգելանք դնելու որոշումը։
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաեւ փաստաբանների մի մասի դիրքորոշումն առ այն, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նոր քրեական հետապնդման հիմք կարող է լինել։ «Դրանք մասնագիտական հայտարարություններ չեն։ Եթե մեր առաջադրած մեղադրանքի մեջ արտակարգ դրության հրամանագիրը անօրինական չլիներ, ես կշարունակեի ու կասեի, թե ինչ հետապնդում էր հնարավոր սկսել։ Բայց մեր մեղադրանքում դա կա։ Մեր դիրքորոշումները շարունակելու ենք պնդել վերաքննիչ դատարանում։ ՄԻԵԴ որոշումներն ամրապնդում են մեր դիրքորոշումները վերաքննիչ դատարանում ներկայացված, բայց նոր մեղադրանքի հարց չկա։ Այն փաստը, որը ճանաչել է ՄԻԵԴ-ը, մեր մեղադրանքում արդեն իսկ կար»,-ասաց Գեւորգ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանում շարունակում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքի քննությունը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ