Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աշակերտներից մեկը նույնիսկ խաչ էր դրել նամակի մեջ, որ հասնի զինվորներին». Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վկաների ցուցմունքները

Սեպտեմբեր 28,2021 16:33

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Գործը գտնվում է վկաների հարցաքննության փուլում:

«Ոչ մի գործողություն էլ չի կատարվել: Ես չեմ էլ հիշում՝ քննիչը որ կանչել է, այդ ժամանակ ես երեւի արկղը տեսած էլ չեմ… հետո եմ հիշում, որ ես արկղի վրա գրված տեսել եմ… մեզնից ցուցմունք են վերցրել… շատ արագ, շուտ կատարվեց, հետո այդ նկարները հեռուստատեսությամբ ցույց տվեցին»,- դատարանում այսօր հայտարարեց վկա Ռուբիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ քննիչն իրեն ոչ մի իրեղեն ապացույց ցույց չի տվել, ոչ էլ հավաքված օգնության քանակի կամ արկղերի մեջ դրված նամակների մասին է հարցեր տվել:

Տավուշի մարզի վերին Ծաղկավան գյուղի նախկին տնօրեն Ռուբիկ Խաչատրյանը ցուցմունք էր տալիս 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին ցուցաբերված օգնությունների դրվագով: Վկան դատարանում հայտարարեց, որ բանակին՝ դպրոցի կողմից ցուցաբերված օգնության արկղերի վրա գրել են դպրոցի անունը, հետագայում, հեռուստատեսությամբ ցուցադրված տեսանյութում տեսել են՝ փակ արկղերից մեկի վրա «թղթի կտորը դրված էր»՝ Տավուշի մարզ, Վերին Ծաղկահովիտի միջնակարգ դպրոց: Հետագայում, հարցաքննության ժամանակ, քննիչը արկղը իրենց ցույց չի տվել, ոչ էլ նրա պարունակությունը: «Ես կոնկրետ որեւէ բան չգիտեմ, որեւէ բան չեմ կարող ասել, ես թվարկում եմ այն ապրանքները, որը մենք ենք հավաքել»,- ասաց Ռուբիկ Խաչատրյանը՝ պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին:

Մեղադրողը հայտարարեց, որ վկայի նախաքննական ցուցմունքների հետ հակասություն կա. նախաքննության ժամանակ վկան ասել է, որ չէին պատկերացնի, որ իրենց հավաքած օգնությունը հասցեատիրոջը չի հասնի ու հաստատել, որ համացանցում հրապարակված տեսանյութում եղել են իրենց հավաքած օգնության արկղեր: Վկան հավելեց, որ հակասություն չկա, ինքն էլ տեսանյութը տեսել է ավելի վաղ, քան իրեն կհրավիրեին հարցաքննության:

Երեւանի 164 դպրոցի զինղեկ, վկա Արտակ Դումանյանն էլ դատարանում պատմեց, որ ՊՆ-ի միջոցով ԵԿՄ-ից վարորդ է եկել եւ վերցրել հավաքված օգնությունը՝ ստացականն էլ տրամադրել դպրոցին, ՊՆ-ից էլ շնորհակալագիր է ուղարկվել դպրոցին, իսկ որոշ ժամանակ անց «հեռուստատեսությունից, լուրերից-բանից իմացանք, որ այդպիսի բան է եղել. երեխեքի նամակները հայտնաբերվեցին, այսինքն, վիդեոյի մեջ երեւում էր, մեր աշակերտներից Նատալի Օհանյանը, նույնիսկ ասաց՝ խաչ էր դրել նամակի մեջ, որ զինվորին հասնի: Հետո մենք տեսանք, որ այդ բոլորը հայտնվել էին ոչ նպատակային տեղում»:

Վկան պատմեց նաեւ, որ հեռուստատեսությամբ ցուցադրված ԱԱԾ-ի տեսանյութում եղել են իրենց դպրոցի օգնության արկղերից, նաեւ ցուցադրված նամակները եղել են իրենց դպրոցի աշակերտների գրած նամակները: Ուշադրություն էլ չեն դարձրել, թե ցուցադրված արկղերից քանիսն են եղել իրենց դպրոցի արկղերը, բայց ԱԱԾ-ի տեսանյութում եղել են նաեւ իրենց դպրոցի նամակները: Վկան հիշում է, որ ինչ-որ տեղ լսել է, որ ԵԿՄ-ի պահեստներում ՊՆ-ից ստացած սնունդ եւ այլ ապրանքներ են մնացել, որոնք պետք է ուղարկվեին զինվորներին, բայց չեն հասցրել:

Հիշեցնենք, Նազիկ Ամիրյանին 3 հոդվածներով է մեղադրանք առաջադրվել։ Հիշեցնենք նաեւ, որ Նազիկ Ամիրյանի գործը անջատվել էր Մանվել Գրիգորյանի գործից: ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930