«Եթե հանձնաժողովի նախագահ դառնալը սկզբունքային լիներ, ես այդ հարցը լուծած կլինեի շատ վաղուց, ձեւերը տարբեր են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Հիշեցնենք, որ նրան այսօր իշխանական պատգամավորները 5-րդ անգամ չընտրեցին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Հանձնաժողովի նիստում Ղազինյանն առաջարկել էր քննիչ ենթահանձնաժողով ստեղծել, որը պետք է քննի պատերազմը չկանգնեցնելու հանգամանքները: Ղազինյանն ասաց, որ իրենք առաջարկ են անում՝ իշխանականները մերժում են, որովհետեւ նույն Անդրանիկ Քոչարյանը ստիպված էր լինելու գալ ենթահանձնաժողով, խելոք հարցերի պատասխանել, որովհետեւ այդ ժամանակ ինքը հանդիսացել է ռազմական բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում ոլորտային հանձնաժողովի նախագահ լինելով:
Կարդացեք նաև
Լրագրողները փոխանցեցին ՔՊ-ի մտադրությունը՝ օրենսդրական փոփոխություն անել ու արգելել, որ երկու անգամից ավելի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նույն անձն առաջադրվի: Ղազինյանը պատասխանեց, որ իրենց իրավունքն է, թող բերեն լիագումար նիստերի օրակարգ, կքննարկեն. «Իշխանությունը ոչ մի բարոյական իրավունք չունի պարտադրելու ընդդիմությանը վարքագիծ, ասելու՝ այս թեկնածուին սիրում ենք, այն թեկնածուին չենք սիրում: Հրաժարվել՝ նշանակում է այդ պաշտոնը հանձնել իշխանությանը, այդ դիրքը հանձնել իշխանությանը: Այս երկու սկզբունքներից ելնելով՝ ընդդիմությունը չի կարող չի կարող ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի պահանջին եւ փոխել թեկնածուին ու նախագահի տեղակալի պաշտոնը հանձնել իշխանությանը»:
Հաջորդ անգա՞մ էլ է առաջադրվելու՝ հարցին ի պատասխան Ղազինյանն ասաց, որ կքննարկվի խմբակցությունում ու կորոշեն:
Նա առաջարկեց Անդրանիկ Քոչարյանին, որ գնահատական տա իր ղեկավարի արարքին՝ նրա գործողության կամ անգործության հետեւանքով զոհվում է 3600 մարդ, որովհետեւ եթե հոկտեմբերի 7-ին պատերազմը կասեցվեր, 3600 զոհ պակաս կունենայինք. «Ինչպե՞ս կանվանի այդ մարդուն, որը հետո այդ նույն սպանված մարդկանց գերեզմանին գնում ու չոքում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ