Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-ում պետք է գերիների հարցը բարձրաձայնեի․ չստացվեց՝ դատավորի որոշման պատճառով»․ Արմեն Գեւորգյան

Սեպտեմբեր 28,2021 16:06

«ԵԽԽՎ նիստի օրակարգը հագեցած է։ Այն նաեւ հայկական օրակարգ է, որովհետեւ մեզ առնչվող հարցեր է ներառում։ Որպես ԵԽԽՎ-ում խորհրդարանական պատվիրակության հիմնական անդամ՝ հետեւել եմ ԱԺ նախագահի կարգադրությանը, որով պատրաստվում էի մեկնել ԵԽԽՎ նիստին մասնակցելու։ Ուստի դիմել էի դատարանին եւ ՀՔԾ-ին՝ խնդրելով թույլ տալ բացակայել երկրից։ Ներկայացրել էի համապատասխան փաստաթղթերը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Հիշեցնենք՝ օրերս դատարանը նրան չէր թույլատրել դուրս գալ ՀՀ-ից․ Գեւորգյանը պետք է ԵԽԽՎ նիստին մասնակցեր։ Նրա խափանման միջոցը ստորագրությունն է երկրից չհեռանալու մասին։

«Ամսի 24-ին մերժում ստացա՝ այն պատճառաբանությամբ, որ դատական նիստ կա նշանակված։ Ես այդ գործուղմանը կարեւորություն էի տալիս, ուստի նորից դիմում գրեցի դատարանին եւ նոր հիմնավորումներով բացատրեցի, թե ինչու է իմ մասնակցությունը կարեւոր այդ նստաշրջանում։ Նորից մերժվեց՝ առանց բացատրության»,-տեղեկացրեց Արմեն Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ հայաստանյան խորհրդարանական պատվիրակության անդամները ներգրավվում են հանձնաժողովներում եւ կարեւոր քաղաքական քննարկումներում․ «Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման պատճառով ՀՀ ընդդիմության ներկայացուցիչներն այսօր ԵԽԽՎ-ում չեն։ Ես պատրաստվում էի գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի ժամանակ մեր ռազմագերիների հարցը բարձրաձայնել, պարզել՝ ի՞նչ է անում ԵԽԽՎ-ն, որպեսզի հայ ռազմագերիները վերադարձվեն։ Անձամբ ուզում էի վեհաժողովի ներկայացուցիչների հետ ՀՀ ՄԻՊ-ի զեկույցները քննարկել, դրանք տրամադրել, բայց զրկվեցի այդ հնարավորությունից։ Ուզում էի հանդիպել նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Էլի հարցեր կան, որոնք ուզում էի քննարկել»։

Արմեն Գեւորգյանը նաեւ նշեց՝ գիտի, թե ինչու դատավորը խոչընդոտեց իր գործուղմանը, սակայն հիմա չի բարձրաձայնի այդ մասին․ «Կասկածներ ունեմ, բայց հիմա չհանրայնացնեմ»։

Հիշեցնենք՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է նրանում, որ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, մասնավորապես՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ՝ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Ինչ վերաբերում է գործով դատախազ Գեւորգ Բաղդասարյանի գնահատականին, թե Արմեն Գեւորգյանն եւ իր պաշտպանն այսօր միտումնավոր տապալեցին նիստը, Արմեն Գեւորգյանն ասաց՝ դատախազության բնական գործառույթը բոլորին մեղադրելն է։

Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ կարծիք հայտնեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը նախատրամադրվածություն ունի Գեւորգյանի հանդեպ, իսկ այս քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի․ «Իմ 25 տարվա փորձառության ժամանակ առաջին անգամ այսօր իմ ձեռքից խլեցին խոսափողը։ Ավելին՝ դատավորը գտավ, որ ես մեկ շաբաթում պետք է ծանոթանամ 80 եւ ավելի հատոր ունեցող քրեական գործի նյութերին։ Մոլորակի վրա կա՞ որեւէ մեկը, ով կարող է մեկ շաբաթում այդքան հատոր ուսումնասիրել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930