Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում (ՄՄՀ) այսօր կայացել է հուշ-ցերեկույթ ի հիշատակ 2020թ. 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների։
Նախաձեռնությունը ՄՄՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ռուզաննա Սաիյանին էր։
Ինչպես մեզ տեղեկացրեցին ՄՄՀ մամուլի ծառայությունից, 44-օրյա պատերազմի ընթացքում բուհն ունեցել է 15 զոհ, իսկ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ` 4 զոհ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, որն իր զորակցությունն է հայտնել պատերազմի պատճառով տուժած հայրենակիցներին։
«Չնայած ապրում ենք դժվարին ու շատ ծանր օրեր, բայց լիահույս ենք, որ կկարողանանք համախմբվել մեկ գաղափարի շուրջ և նորից վերադարձնել բերդաքաղաք Շուշին ու Հադրութը»,-իր ելույթում ընդգծել է Դոնարա Գաբրիելյանը։
Կարդացեք նաև
Ելույթներ ունեցան համալսարանի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Սոկրատ Խանյանը և Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը:
Հուշ-ցերեկույթի ավարտին ներկաները ծաղիկներ են խոնարհել բուհի՝ զոհված շրջանավարտների հիշատակին բացված հուշատախտակի մոտ։