Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ նստելու․ հետ բերեք խոսափողը»․ դատավորն Արմեն Գեւորգյանին ու նրա պաշտպանին չթույլատրեց հայտարարություն անել

Սեպտեմբեր 28,2021 14:53

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստում այսօր Արմեն Գեւորգյանը ցանկանում էր հայտարարություն անել դատարանի այն որոշման մասին, որով իրեն արգելվել է ՀՀ սահմաններից դուրս գալ, ինչի պատճառով չմասնակցեց ԵԽԽՎ լիագումար նիստին։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանն այդ հարցը չի քննարկում․ «Եթե համաձայն չեք այդ որոշման հետ, կարող եք վիճարկել։ Դատարանը թույլ չի տալիս ձեզ հայտարարություն անել, որովհետեւ տվյալ հարցը չի կարող այստեղ քննարկման առարկա լինել»։

Արմեն Գեւորգյան-Առարկում եմ ձեր գործողությունների դեմ։

Դատավոր Աննա Դանիբեկյան-Ձեր առարկությունն արձանագրված է։

Արմեն Գեւորգյան-Շնորհակալ եմ, դուք շատ բարի եք․․․

Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյան-Ես հայտարարություն ունեմ։

Դատավոր Աննա Դանիբեկյան-Դատարանը թույլ չի տալիս հայտարարություն անել։

Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյան-Ես առարկություն եմ անում։

Դատավոր Աննա Դանիբեկյան-Արդեն առարկություն ներկայացրել եք։

Լուսինե Սահակյան-Դատարանն իրավունք չունի առարկություն անելու իրավունքը խլել։ Ոչ հայտարարության բովանդակությունն էր պարզ, ոչ՝ առարկությանը։ Դատարանի այդ որոշման մասին, ի դեպ, որեւէ մեկը տեղյակ չի եղել։ Հանրությունն ու դատավարության մասնակիցները տեղյակ չեն եղել։

Դատավոր Աննա Դանիբեկյան-Դատավարության մասնակիցները տեղյակ են եղել։ Հարցն այստեղ քննարկման առարկա չի կարող լինել։

Լուսինե Սահակյան-Պաշտպանյալս իրավունք ունի՞ առարկություն ներկայացնելու։

Դատավոր-Առարկության անվան տակ դատարանը թույլ չի տալիս հայտարարություն ներկայացնել։

Լուսինե Սահակյան-Նա առարկություն ունի։

Դատավոր-Ինչի՞ դեմ։

Լուսինե Սահակյան-Խնդրում եմ լսել նրան։ Նա ուզում է այդ իրավունքից օգտվել։ Որեւէ մեկն իրավունք չունի նրան զրկել այդ իրավունքից։

Դատավոր-Դատարանն արդեն իսկ պարզաբանեց եղածը։ Հարցը չի քննարկվում։

Ապա Լուսինե Սահակյանը փորձեց ինքն ընթերցել Արմեն Գեւորգյանի պատրաստած հայտարարությունը, սակայն դատավորը կրկին թույլ չտվեց․ «Մի խոչընդոտեք դատավարությանը»։

Լուսինե Սահակյան-Իմ մոտ տպավորություն է, որ ուղղակի ուզում եք Արմեն Գեւորգյանին զրկել պաշտպան ունենալու իրավունքից։ Իմ քսանհինգ տարվա փորձի ժամանակ չի եղել դատարան, որն արգելում է պաշտպանյալին իրացնել իր իրավունքները։ Եթե ձեզ թվում է, թե ես նայելու եմ, թե ինչպես եք պաշտպանյալիս իրավունքները խախտում, ապա ոչ՝ ես սովոր չեմ դրան։ Խնդրում եմ հարգել քրեական դատավարության օրենսգիրքը եւ պահպանել դատավարության կարգը։ Տպավորություն է, որ դատարանն ամեն ինչ անում է, որ այս դատավարությունը չշարունակվի։ Հիմա էլ ինձ եք արգելում։ Ո՞նց եք պատկերացնում։ Նստել ու լուռ հետեւեմ, թե ինչպես եք մեր իրավունքները խախտո՞ւմ։

Դատավոր-Դատարանը ձեզ թույլ չի տալիս հայտարարություն անել այս պահին։

Լուսինե Սահակյան-Ես չեմ պատրաստվում սպասել, որ դուք մեր իրավունքները խախտեք։

Դատավոր-Եթե շարունակեք առանց թույլտվության ելույթ ունենալ, խուսափողը կվերցվի։

Լուսինե Սահակյան-Դուք իրավունք չունեք իմ խոսափողը վերցնելու։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյան-պաշտպանը խախտում է դատական նիստի կարգը, միջնորդում եմ դատական սանկցիա կիրառել, ի՜․․․

Դատավոր-Տիկին Սահակյան, դատարանը ձեզ նախազգուշացնում է։ Նստեք։

Լուսինե Սահակյան-Ո՞նց թե՝ նստեք, ես իրավունք եմ պաշտպանում։

Դատավոր-Նստեք։

Լուսինե Սահակյան -Չեմ նստելու։

Դատավոր-Դատարանն արձանագրում է, որ տիկին Սահակյանը չի ենթարկվում դատարանի պահանջին եւ եւս մեկ անգամ նախազգուշացվում է։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյան-Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է, որ մեղադրյալն իրավունք ունի առարկելու դատարանի գործողությունների դեմ։ Նույն իրավունքը սահմանված է նաեւ պաշտպանի համար։ Այն դատավարությունը, որը դուք եք անում, էապես շեղվում է քրեական դատավարության օրենսգրքից։ Պահանջում եմ, որ օրենսգրքով նախատեսված կարգով իրականացնեք դատավարությունը եւ չխախտեք պաշտպանական կողմի իրավունքները։

Դատախազ Պետրոս Պետրոսյան-Տպավորություն է, որ օրենսգրքով նախատեսված է, թե կողմերն իրավունք ունեն գործողության անվան տակ քննարկել դատարանի որոշումները։ Դատարանն արդեն իսկ պարզաբանեց, որ չի թույլատրում, որովհետեւ դա հակասում է տրամաբանությանը։ Դատարանը կայացրել է որոշումը, որը կարող է վիճարկվել վերադաս ատյաններում։ Առարկության քողի տակ հայտարարություն են փորձում ներկայացնել։ Ավելին՝ դա իրավունքի չարաշահման տարր է պարունակում, որովհետեւ մի գործողությունը քողարկված ներկայացվում է մեկ այլ գործողության անվան տակ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյան-Ի դեպ, մի անգամ պարոն Քոչարյանը դատարանի թույլտվությամբ լքեց ՀՀ-ն եւ վերադարձավ, ինչի դեմ առարկում էին դատախազները։ Մենք դատարանի գործողությունների մասին վերաբերմունք ենք արտահայտում, հո ձայնազուրկ չե՞նք։ Վերաբերմունք արտահայտելը մի շփոթեք բողոքարկման հետ։ Այս ինչի՞ է վերածվել այս դատավարությունը․․․

Դատավոր-Այս պահին որեւէ քննարկելու հարց չունենք։

Լուսինե Սահակյան-Հարգելի դատարան․․․

Դատավոր-Դատարանը ձեզ թույլ չի տալիս հայտարարություն անել։

Այս ընթացքում Լուսինե Սահակյանի դիմացից խոսափողն արդեն իսկ վերցված էր։ Նա բարձր ձայնով պահանջում էր հետ բերել այն, իսկ դատավորը չարձագանքեց․ նա որոշեց, որ մեկ շաբաթը բավական է՝ գործի նյութերին ծանոթանալու համար, եւ նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։ Արմեն Գեւորգյանն էլ տեղից ասում էր, որ հայտարարություն ունի։ Առաջիկա նիստը կկայանա հաջորդ երեքշաբթի՝ 13 00-ին։

Հիշեցնենք՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է նրանում, որ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, մասնավորապես՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ՝ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930