Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում արդեն 5-րդ փորձն էր՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելու «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանին:
Իշխանությունը գտել է հավերժական թվացող այս գործընթացից ազատվելու ելքը. «Ընդդիմությունը պետք է իր քայլն անի: Ընդդիմությունն ունի լիդեր՝ հանձինս Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի, թող կողմնորոշվեն: «ԱԺ կանոնակարգ» օրենքը մենք չենք խախտել բացարձակ, բայց մեր քվեարկությունից հետո ուզում եմ հնչեցնել մի տեսակետ, որ այս փակուղային վիճակից դուրս գանք»: Իշխանականները Ղազինյանի ընտրությանը դարձյալ քվեարկությամբ մերժեցին:
Հետո Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե ինչ լուծում են գտել. «Պետք է գտնել իրավական լուծում: Մենք պետք է մեր խմբակցության հետ քննարկենք միասին: Եթե առաջիկա 1 ամսվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվի նույն թեկնածուն եւ նորից չընտրվի, ապա հարկադրված կլինենք առաջարկել մեր խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ հարցը կարգավորել հետեւյալ սկզբունքներով: Եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագայի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը առաջադրում է նոր թեկնածու, ինչպես մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության դեպքում է: Այն տարբերությամբ, որ հանձնաժողովի նախագահի դեպքում նույն անձը չի կարող երկրորդ անգամ առաջադրվել: «Կանոնակարգ» օրենքի փոփոխության առաջարկով մենք մեր խմբակցությանը կդիմենք ու կգտնենք իրավական լուծում: Եթե ընդդիմությունը անընդհատ փորձի շանտաժի ձեւով առաջնորդվել, իսկ մենք առաջնորդվենք մեր խղճով, պետք է իրավական լուծում գտնել»:
Կարդացեք նաև
Առայժմ հանձնաժողովում որոշվեց, որ Անդրանիկ Քոչարյանի բացակայության դեպքում նիստը կվարի Արմեն Խաչատրյանը՝ ՔՊ-ից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ