Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանի պաշտպանն եմ եղել»․ Լուսինե Սահակյանը Արմեն Գեւորգյանին կպաշտպանի միայն գործող մեղադրանքներով

Սեպտեմբեր 28,2021 13:52

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստում այսօր Արմեն Գեւորգյանի նոր պաշտպանների ներգրավման հարցը քննարկվեց։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ ցանկանում է ներգրավվել որպես Արմեն Գեւորգյանի պաշտպան, սակայն չի կարող ներկայանալ այսօրվա նիստին՝ նախապես նշանակված այլ դատական նիստի մասնակցելու պատճառով։ Պաշտպանը նաեւ խնդրել է ժամանակ տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար եւ այդ հիմքով այսօրվա նիստը հետաձգել։

Դատարան էր ներկայացել նաեւ փաստաբան Լուսինե Սահակյանը՝ հայտնելով, որ ինքը վաղուց է հանդիսանում Արմեն Գեւորգյանի փաստաբանական թիմի անդամ, եւ հիմա ներգրավվում է որպես Արմեն Գեւորգյանի պաշտպան, սակայն միայն գործող մեղադրանքի պաշտպանության համար։ Լուսինե Սահակյանը շեշտեց՝ ինքն Արմեն Գեւորգյանի շահերը չի պաշտպանում 300.1 հոդվածով (ՍԴ որոշմամբ՝ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, քրեական հետապնդումն այդ մասով կասեցվել է․-հեղ․), քանի որ ժամանակին այդ հարցում լուրջ խնդիրներ էին ծագել․ «Ես ժամանակին այս գործով ներկայացրել եմ այլոց շահերը։ Մարտի մեկի գործի շրջանակում շատ անձանց շահերի պաշտպանն եմ եղել, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, ուստի շահերի բախում եմ տեսել։ Խնդրում եմ իմ ներգրավման հարցը լուծելիս նկատի ունենալ, որ ես պաշտպանում եմ Արմեն Գեւորգյանի շահերը միայն այս պահին առկա մեղադրանքներով»։

Մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ Լուսինե Սահակյանը սահմանադրական կարգի տապալման հոդվածի հետ կապված երբեւէ ելույթ ունենալո՞ւ է, թե՞ ոչ։ Սահակյանը պատասխանեց․ «Իմ նախկին պաշտպանյալների համաձայնությունը չունեմ եւ չեմ ուզեցել ստանալ, որովհետեւ ինքս գտնում եմ, որ շահերի բախում կա»։ Դատավոր Աննա Դանիբեկյանն արձանագրեց՝ դատարանը Լուսինե Սահակյանի ներգրավման հարցում խնդիրներ չի տեսնում։

Հիշեցնենք՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է նրանում, որ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, մասնավորապես՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ՝ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ մեղադրվում է նրանում, որ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930