«Երկու ամիս է, ինչ 8-րդ գումարման ԱԺ-ն ձեւավորվել է եւ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովում որեւէ նախաձեռնություն չկա, բացի հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցից»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի մեկնարկին դժգոհեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա հեգնեց, որ ամենաաննշան, ամենաքիչ հետաքրքիր հարցն այն է, թե ով պետք է հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում ղեկավարի նիստը ու իշխանությունը հենց այդ օրակարգով է նիստ անում:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց, որ հանձնաժողովը նորմալ աշխատում է:
Ինչպես հայտնի է, արդեն 5-րդ նիստն է՝ քննարկվում է Արթուր Ղազինյանի թեկնածության հարցը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Նախորդ նիստին նա ցուցադրաբար լքել էր հանձնաժողովի նիստը:
Նա այսօր իր ելույթում հորդորեց այսօրվա օրակարգում ներառել եւս մեկ հարց. մասնավորապես չհերքվեց, որ ՌԴ-ն հոկտեմբերի 7-ին հորդորել է պատերազմը կանգնեցնել ու եթե այդ օրը կանգնեցնեինք պատերազմը՝ մոտ 3600 զոհ պակաս կունենայինք: Ուստի, նրա խոսքով, պետք է քննարկել՝ արդյոք տեղի՞ է ունեցել համալիր քննարկում. «Առաջարկում եմ ստեղծել ենթահանձնաժողով, որը պետք է քննի պատերազմը չկանգնեցնելու պատճառները, մոտիվացիան, ստացված տեղեկատվության համարժեքությունը այդ քայլերի համար»:
Կարդացեք նաև
Իշխանականները հայտարարեցին, որ Դոնթի բանաձեւը շանտաժի բանաձեւ չի, ուստի չեն կարող «խրամատը լքելով»՝ ստիպել իրենց ընտրել Ղազինյանին:
Գեղամ Մանուկյանը, որը պետք է ներկայացներ իրենց թեկնածուին՝ Արթուր Ղազինյանին, հայտարարեց, որ անիմաստ է այս ամենը շարունակել: Արամ Վարդեւանյանն ասաց, որ օրակարգի երկրորդ հարցից՝ հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստ վարող գտնելու, արդեն իսկ ցույց է տալիս, որ քննարկումն իմաստ չունի, նախօրոք որոշել են ամեն ինչ: Գեղամ Մանուկյանը ցուցադրաբար դուրս եկավ հանձնաժողովի նիստերի դահլիճից, նրան հետեւեց Վարդեւանյանը, այնուհետեւ նաեւ Ղազինյանը: ՔՊ-ականները սկսեցին գոռգոռալ, թե՝ «մեծ-մեծ չխոսե՜ք», «մանիպուլյացիաներ չանե՜ք»: Նիստում վիճաբանություն ու աղմուկ էր:
Անդրանիկ Քոչարյանը սկսեց հորդորել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, որ գոնե ինքն էլ չլքի:
Վերջինս, թեեւ գտնում էր, որ թեկնածուի բացակայության դեպքում քննարկումն անիմաստ է, այնուամենայնիվ, այս պահին անսաց իշխանականների հորդորին ու մնաց նիստին: Ընդդիմությունից ներկա է նաեւ Ագնեսա Խամոյանը: Տիգրան Աբրահամյանը հորդորեց Ղազինյանի թեկնածությունը հաստատել ու անցնել առաջ:
Վահագն Ալեքսանյանն ասաց, որ տարօրինակ է Ղազինյանի պահվածքը՝ առանց թույլ տալու խոսում է՝ խախտելով կանոնակարգը, հետո դուռը շխկացնում ու գնում՝ ճեպազրույց տալու: Նա հիշեցրեց, որ ճեպազրույցներից մեկի ժամանակ Ղազինյանն ասել է, որ իր համար պատվաբեր չէ լինել Անդրանիկ Քոչարյանի տեղակալը, ուստի հորդորեցին նրան չձգտել այդ պաշտոնին. «Ձեռքերն ու ոտքերը ոչ մեկը չի կապել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ