Այսօր առողջապահության նախարարության առջեւ բողոքի ցույց իրականացնող մի խումբ քաղաքացիներ առողջապահության նախարարից պահանջում էին բացատրություն տալ՝ ինչո՞ւ է կորոնավիրուսի ՊՇՌ թեստը ամիսներ շարունակ եղել 15-20 հազար դրամ, եթե այսօր արդեն դարձել է 6-7 հազար:
Ցույցը նախաձեռնել էր Առողջապահական հասարակական կազմակերպությունը, որի ղեկավար, բժիշկ Հովհաննես Գեւորգյանին ոստիկանները կարճ ժամանակ անց բերման ենթարկեցին: Ոստիկանություն տարան նաեւ ցույց անող այլ քաղաքացիների:
Հովհաննես Գեւորգյանը նաեւ պահանջում էր նախարարի N65-Ն հրամանը անվավեր ճանաչել, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից բոլոր աշխատակիցները կամ պետք է կորոնավիրուսի դեմ պատվաստվեն, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն:
Հովհաննես Գեւորգյանի խոսքով՝ այդ որոշումը հակասահմանադրական է եւ ոտնահարում է մարդկանց իրավունքները, նաեւ ասաց, որ առողջապահության նախարարությունը փակել է ամբողջ առողջապահական ծառայությունների ֆինանսները: Ցույցը հսկող ոստիկանները բժշկին նախազգուշացրին, որ անօրինական կոչերով հանդես չգա եւ հասարակական կարգը չխախտի: Ավելի ուշ Հովհաննես Գեւորգյանին նստեցրին ոստիկանության ավտոմեքենան եւ տարան ոստիկանության բաժին:
Ցույցի մասնակից Էմիլ Մարկոսյանն ասաց, որ սկզբում իրենց ասել են, որ նախարարը կընդունի, սակայն սպասել են, եւ ոչ ոք չի ընդունել. «Մեր հարցադրումները կապված էին ամսական երկու անգամ պարտադիր պատվաստման եւ մարդկանց անհիմն աշխատանքից ազատելու հետ: Ոստիկանները բժիշկ Հովհաննես Գեւորգյանին բերման ենթարկեցին: Անհասկանալի էր այդ քայլը: Երբ փորձեցինք ճշտել, թե որ բաժին են տանում, ինձ էլ փորձեցին բերման ենթարկել: Մինչեւ հիմա չգիտենք՝ նրան ուր են տարել»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ պարզվեց, որ Հովհաննես Գեւորգյանը գտնվում է ոստիկանության Էրեբունի բաժնում:
Էմիլ Մարկոսյանի խոսքով, եթե այսօր հնարավոր է ՊՇՌ թեստ անել երեք անգամ էժան, նշանակում է այսքան ժամանակ առողջապահության նախարարությունում մեծ կոռուպցիոն ռիսկեր են եղել. «Եթե կար հնարավորություն մեկ օրում թեստի արժեքը դարձնել 6-7 հազար, այդքան գումարները, հարկատուների գումարները ո՞ւմ գրպանն են գնացել, ո՞վ է յուրացրել այդ փողերը: Մեր պահանջը դա է եւ այն, որ չպարտադրեն մարդկանց պատվաստվել: Հայաստանում գործազրկության մեծ ցուցանիշի պարագայում մարդկանց սպառնում են աշխատանքից ազատել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ