Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բացվեց մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան

Սեպտեմբեր 28,2021 12:27

Այսօր պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվեց մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան։

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը կլինիկայի բացման միջոցառման ժամանակ ասաց, որ մանկական պալիատիվ խնամքի խնդիրը մեր երկրում տասնամյակներով ծառացած է եղել հայ բժիշկների առջեւ, սակայն իր լուծումը չի ստացել, եւ երբ բժշկությունն այլեւս անզոր էր լինում, քաղցկեղով հիվանդների պալիատիվ խնամքի խնդիրը մնում էր օրակարգում, բայց լուծում չէր ստանում։

«Մենք ունեինք երկընտրանք՝ կամ հիվանդը մնում էր բաժանմունքում, մնացած բոլոր 30 հիվանդների ներկայությամբ, կամ գնում էր տուն եւ կյանքի վերջին ժամանակահատվածն անցկացնելը խնդրահարույց էր։ Փառք աստծո, այսօր մենք ականատեսն ենք հերթական օղակի փակմանը, որ արյունաբանության եւ ուռուցքաբանության առջեւ ծառացած էր Հայաստանում։ Ուզում եմ, որ հնարավորինս քիչ լինեն պառկելու ենթակա հիվանդներ, բայց դա անխուսափելի է, որովհետեւ կյանքն է այդպիսին։ Ամենակարեւորը, որ արել ենք այս ամիսների ընթացքում, շրջապատել ենք երեխաներին հոգատարությամբ, հավատքով, որպեսզի անցողիկ իրավիճակը շատ դաժան չլինի։ Հուսով եմ՝ երեխաները շրջապատված կլինեն հոգեբանով, հոգեւորականով, բժիշկներով, բուժքույրերով, որոնք ավելի հեշտ կդարձնեն երեխայի կյանքը։ Սա օնկոլոգիայով եւ հեմատոլոգիայով տառապող երեխաների համար է ստեղծված, ունենք հինգ մահճակալ, հուսամ, որ դրանք հաճախ կմնան դատարկ»,-ասաց Սամվել Դանիելյանը։

Կլինիկայի բացմանը ներկա էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որն ասաց՝ մինչ այս կլինիկայի բացումը, քաղցկեղով ծանր հիվանդ երեխաների խնամքն իրականացվել է կամ վերակենդանացման բաժանմունքում, կամ, երբ նման ծառայությունների մատուցման կարիք այլեւս չի եղել, տնային պայմաններում․ «Քաղցկեղով հիվանդ երեխաների առողջացման ցուցանիշները բավականին լավ են եւ շատ համադրելի են եվրոպական երկրներում գրանցվող ցուցանիշներին, բայց լինում են բացառիկ դեպքեր, երբ ցավոք, չենք կարողանում կյանքը փրկել կամ երկարացնել բալիկի կյանքը։ Այդ ժամանակ նման կենտրոնները խիստ կարեւոր են, որպեսզի մինչեւ վերջին վայրկյանը երեխաներն ու մեծահասակները լինեն արժանապատիվ խնամքի կենտրոնում եւ չունենան ցավեր, լինեն պատշաճ հսկողության տակ, բայց չլինեն անընդհատ հիվանդանոցում»։

Կլինիկայի կառուցումը նախաձեռնել եւ ֆինանսավորել է «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930