Հայաստանում կորոնավիրուսի համավարակի իրավիճակը բավականին լարված է, 20 բուժկենտրոններ ամբողջությամբ կամ մասամբ ծառայում են քովիդով հիվանդների բուժմանը։
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը մասնակցում էր պրոֆեսոր Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում մանկական պալիատիվ խնամքի կլինիկայի բացմանը։
Նախարարն ասաց, որ այս շաբաթվա ընթացքում Արտաշատի ԲԿ-ն ու Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը կվերապրոֆիլավորվեն եւ կանցնեն քովիդով հիվանդների սպասարկելուն։
«Մահճակալային ռեզերվները ամբողջությամբ արդեն մոբիլիզացվում են, որովհետեւ դելտա շտամի առանձնահատկությունն է՝ ավելի շատ հոսպիտալացման կարիք է լինում եւ ավել ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքեր են լինում, քան նախորդ ալիքների ժամանակ էր»,-ասաց նախարարը։
Կարդացեք նաև
Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ՝ այս պահին կան քովիդով բուժառուներ, որոնք պատվաստված են եղել, բայց կրկին վարակվել են․ «Եվ սա համադրելի է այն իրավիճակի հետ ինչ-որ կա այլ երկրներում, որտեղ կա պատվաստումների բարձր ցուցանիշ։ Պատվաստումները լուրջ կանխարգելիչ նշանակություն ունեն եւ անգամներով նվազեցնում են ծանր, ծայրահեղ ծանր ընթացքով հիվանդանալու ռիսկերն ու մահացության ռիսկերը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ