Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է արել կառավարությունը պատերազմից տուժածների համար. «Հայաստան» խմբակցությունը հաշվետվություն է պահանջել

Սեպտեմբեր 28,2021 11:28

Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմի առաջացրած հումանիտար խնդիրների առաջնահերթ վերլուծությունը, սոցիալական և այլ կարիքների ամբողջական գնահատումը և դրա արդյունքում մեր բազմահազար հայրենակիցներին հասցեական աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ծրագրերի ու միջոցառումների իրականացումն օրվա հրամայական է։

Դավադիր պատերազմից անցել է 1 տարի, բայց ինչպես տեսնում ենք դրանից տուժած մեր բազմահազար հայրենակիցներ դեռևս շարունակում են կառավարությունից իրենց խնդիրների նկատմամբ ուշադրություն և որոշակի լուծումներ ակնկալել, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ անցած ժամանակահատվածում կառավարության կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցառումները մեր բազմահազար քաղաքացիների կարիքների ամբողջական գնահատման և դրանց համակարգային լուծումներ տալու ուղղությամբ։

Նշված խնդիրը լինելու է «Հայաստան» խմբակցության ուշադրության կենտրոնում և, ըստ այդմ, խմբակցությունը հարցապնդումով դիմել է կառավարությանը՝ ակնկալելով հետևյալ հարցերի պատասխանները.

1. Արդյոք ապահովվե՞լ է հնարավորինս լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների թվաքանակի, կազմի, սեռատարիքային կառուցվածքի, ՀՀ-ում ժամանակավոր բնակության վայրի, Արցախում հիմնական բնակության վայրի առկայության և դրանց հասցեների, ինչպես նաև նրանց կոնտակտային տվյալների վերաբերյալ:

2. Արդյոք ապահովվե՞լ է հնարավորինս լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած և վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքների վերաբերյալ:

3. ՏԻՄ-երի, ՀԿ-ների, սոցիալական խնդիրներով զբաղվող տեղական ու միջազգային կառույցների և սոցիալական աշխատողների ընդգրկմամբ արդյոք իրականացվե՞լ է նշված ընտանիքների կարիքների ամբողջական գնահատում՝ առկա չափորոշիչների և ուղեցույցների համաձայն, որի արդյունքում կձևավորվեր լիարժեք պատկեր թե անհրաժեշտ ծրագրերի բովանդակության և թե դրանք իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ:

4. Արդյոք իրականացվե՞լ է ներկայումս ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների շրջանակներում գործող ծրագրերի վերագնահատում, որի արդյունքում կընդունվեին համապատասխան իրավական ակտեր կամ փոխհամաձայնեցված որոշումներ՝ որոշակի ծրագրերի կասեցման, որոշների դադարեցման և ըստ անհրաժեշտության նոր ծրագրերի գործարկման վերաբերյալ:

5. Արդյոք գործարկվե՞լ է վստահելի և հաշվետվողական մեխանիզմ՝ մասնավոր հատվածի, ՀՀ-ում և այլ պետություններում բնակվող անհատ քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով ցուցաբերվող օգնությունն ու օժանդակությունը համակարգելու և դրանք առավել հասցեական ու նպատակային դարձնելու համար՝ վերականգնելով պետության նկատմամբ վստահությունը:

6. Արդյոք դիմե՞լ եք համապատասխան մանդատ ունեցող միջազգային բոլոր կառույցներին (հատկապես ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող), առաջին հերթին ՀՀ-ում գործունեություն իրականացնող ներկայացուցչություններին, ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետևանքների մեղմացման ու աստիճանաբար վերացման և իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիների տարրական իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու պահանջով։

Հարցապնդման պատասխանը ստանալուց հետո այն կենթարկվի մանրամասն վերլուծության եւ կներկայացվի հանրությանը։

«Հայաստան» դաշինք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930