Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի` Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մարդասիրական հետևանքները» թեմայով զեկույցի ներկայացումից հետո ԵԽԽՎ պատվիրակների շրջանում սուր քննարկումներ ծավալվեցին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԵԽԽՎ-ում անցկացվեց «Հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» թեմայով քննարկում, որին հաջորդեց համանուն բանաձևի ընդունումը:
Բանաձևում ամրագրված է. «Պատերազմից հետո ամենամեծ խնդիրներից մեկն է զոհված անձանց մասունքների տեղորոշումը և վերադարձը: Պատերազմը մասամբ ընթացել է լեռնային, ձյան գալստյան պատճառով՝ խիստ ականապատված շրջաններում, ինչը բարդացնում է անհետ կորածների աճյունների վերադարձը: Մինչ այժմ անհետ կորած են համարվում 243 հայ և 7 ադրբեջանցի: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 1 651 հայերի աճյուններ վերադարձվել են, 395 ադրբեջանցիների աճյուններ վերադարձրել է Հայաստանը: Մնացած անհետ կորածներին գտնելը չպետք է քաղաքականացվի»:
Զեկուցողը նշում է. «Վեհաժողովը Նախարարների կոմիտեին առաջարկում է հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի մարտի 16–ի Նախարարների կոմիտեին արված ծանուցմանը՝ հայ գերիների վերաբերյալ և նպաստել այս ընթացիկ հարցի լուծմանը: ՄԻԵԴ-ը Նախարարների կոմիտեին է ծանուցել 188 հայ ռազմագերիների մասին: Ես խորապես մտահոգված եմ այս մարդկանց ճակատագրով, որոնք ադրբեջանական գերության մեջ նկարահանված են, բայց հակամարտության ավարտից գրեթե մեկ տարի ոչ մի տեղ չկա այս անձանց մասին հիշատակում»:
Կարդացեք նաև
Փոլ Գավանը ԵԽԽՎ ամբիոնից մտահոգություն հայտնեց, որ իրեն չի հաջողվել այցելել Լեռնային Ղարաբաղ: Նա Հայաստանում է եղել մայիսին, իսկ Ադրբեջանում՝ հուլիսին: Պոլ Գավանը վստահեցրեց՝ փորձել է խուսափել քաղաքականությունից և միայն հումանիտար խնդիրների վրա կենտրոնացել: Նա հայտարարեց՝ Ադրբեջանն անհապաղ պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, իսկ Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի ականապատ տարածքների քարտեզները: Ըստ զեկուցողի՝ սահմանային լարվածությունից խուսափելու համար կարևոր է, որ լինի սահմանագծում և սահմանազատում, գուցե բուֆերային գոտու ստեղծման ինչ-որ ձև:
Զեկույցի ներկայացմանը հաջորդեցին ելույթները, որոնցից շատերը քննադատում էին Ադրբեջանին: Հույն պատվիրակ Ալեքսանդրոս Տրիանտաֆիլիդիսը ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրեց Արցախի Հանրապետություն արտահայտությունը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին լրանում է մեկ տարին, որ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Ադրբեջանցի պատվիրակ Էրկին Գադիրլին վրդովվեց այս հայտարարությունից՝ պնդելով, որ այդօրինակ արտահայտություններն իրավականորեն սխալ են:
Նաև մտահոգություններ հնչեցին այն մասին, որ տեղահանված հայերը չեն կարող վերադառնալ իրենց բնակության վայրեր, քանի որ գտնվելով Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ կունենան անվտանգության խնդիր:
ԵԽԽՎ –ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ինչպես միշտ, այս անգամ էլ հայտարարեց, որ իր երկիրն իբր 30 տարի օկուպացված է եղել Հայաստանի կողմից, և վերջապես իրենց սուրբ հողն ազատագրել են: Նա հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ու ասաց. «Որոշ հայեր Խանքենդիից (Ստեփանակերտ) օրեր առաջ եկել էին մեզ մոտ ու խնդրում էին աշխատանք, նորմալ կյանք: Մենք ամեն ինչ դրա համար անում ենք, քանի որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են: Բայց բոլոր նրանք, որոնք այնքան էլ երջանիկ չեն խաղաղության համար, նրանք երազում են ռևանշիզմի և նոր պատերազմի մասին: Նրանք փորձում են իրավիճակը չափազանցված ներկայացնել: Դրա համար ես խնդրում եմ իմ գործընկերներին չտրվել սադրանքներին և կողմ քվեարկել Ադրբեջանի կողմից ներկայացված փոփոխություններին, որպեսզի չարվի այնպես, որ դա պատճառ դառնա նոր պատերազմի: Մենք չենք վախենում պատերազմից, պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր տարածքները պաշտպանենք: Պիտի հասկանանք՝ սա պատմական շանս է Հայաստանի համար գնալ խաղաղության, այլ ոչ թե պատերազմի և ռևանշիզմի ճանապարհով»:
Սամադ Սեիդովին արձագանքեց ԵԽԽՎ զեկուցողը: Պոլ Գավանը հայտարարեց. «Երեւանում ես տեսա զինվորական գերեզմանոցը, բոլոր երիտասարդների շիրիմները, որոնք իմ ավագ որդու հասակակիցներն էին՝ 18 տարեկան: Տեսա, թե ինչպես էին ողբում նրանց հարազատները: Վստահ եմ՝ նույնը կարող էին ինձ ցույց տալ Ադրբեջանում: Ուստի ամենայն հարգանքով Սամադ Սեիդովին ուզում եմ նշել՝ երբ նա ասում է, որ չի վախենում պատերազմից, այս առիթով ես կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրն այս վեհաժողովում պետք է վախենա պատերազմից, երբ մենք տեսնում ենք, թե որոնք կարող են լինել դրա հետևանքները»:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ևս արձագանքեց Սամադ Սեիդովի այս հայտարարությանը: Հակադրվելով նրա առաջարկած փոփոխությանը զեկույցում, որով առաջարկում էր փաստաթղթում հավելել, որ բանակցությունները որևէ շոշափելի արդյունք չեն տվել, Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Սա պատմական օր է: Առաջին անգամ պատմության մեջ այս վեհաժողովում սպառնում են պատերազմով, ինչն արեց Սամադ Սեիդովը: Եվ այդ ամրագրումն էլ բանաձևում ցանկանում է անել, որպեսզի արդարացնի իրենց հարձակումը, իբր քանի որ բանակցությունները շոշափելի արդյունքներ չտվեցին, դրա համար տեղի ունեցավ պատերազմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ