Shamshyan.com. Այսօր` սեպտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ աղջիկը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։
Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված մոտ 17 պարկուճ։ Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում և դրա հետևի պատին կան նաև կրակոցի հետքեր։
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել է Land Rover մակնիշի ռուսական P 999 HA 99 RUS համարանիշի ավտոմեքենան, որի սրահում կա արյուն։
Կարդացեք նաև
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Դիանա Դ-ն էր, իսկ վիրավորը՝ Վազգեն Մ-ն։ Վերջիններս ամուսիններ են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի