168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Արցախի 44-օրյա պատերազմի 1-ին տարելիցին և այդ պատերազմից դասեր քաղելուն, նկատեց՝ դասեր քաղելու համար մեկ տարին բավարար չէ, քանի որ պետք է հասկանալ ու ճիշտ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։
«Մենք պետք է մեր գնահատականներում ազնիվ լինենք, բոլոր պատճառներն ամենաբարձր մակարդակով առանց շահարկումների դիտարկենք։ Դրանից հետո, եթե ըմբռնենք ու հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, ներքին ու արտաքին բոլոր գործոնները վերլուծենք, պետք է մշակենք համապատասխան ծրագիր ստեղծված ծանր վիճակից դուրս գալու համար։ Միայն այդ ամենն անելուց հետո կարող ենք ասել՝ պատերազմից դասեր քաղե՞լ ենք, թե՞ չենք քաղել»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարությանը, Դավիթ Բաբայանը նշեց, որ եթե մարդիկ մտածում էին, որ Ալիևը պատերազմից հետո պետք է վերջ դնի իր հոխորտանքներին, չարաչար սխալվում էին։
«Մենք պետք է լավ հասկանանք, թե ում հետ գործ ունենք, ինչ երկրի։ Սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է լինենք ազգայնամոլ, չի կարելի ատել ոչ մի ժողովրդի, ժողովուրդը վատ կամ լավ չի լինում, պետությունն է լինում կա՛մ լավ, կա՛մ վատ։ Հետևաբար՝ սա օբյեկտիվ գործընթաց է, և Ալիևը չի կանգնելու, մենք պետք է իրեն կանգնեցնենք և կանգնեցնեք ճիշտ ձևով՝ դասեր քաղելով, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարելով, միասնականությունը վերականգնելով, ատելության դեմ ներսում պայքարելով։ Հետաքրքիր բան է, մեկ բանում մենք Ալիևի հետ 100 տոկոսով համաձայն ենք՝ Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ և չի էլ լինելու, որովհետև Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Կարդացեք նաև
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։