Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինծառայողները հրդեհներ են գցում Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ. Արման Թաթոյան

Սեպտեմբեր 28,2021 09:36

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա, Այրք գյուղերի հարևանությամբ: Խոսքն առավելապես բնակիչների խոտհարքների ու արոտավայրերի մասին է, որոնք հրդեհներով ոչնչացվում են:

Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության համար: Հրդեհները մարդկանց պատճառում են նաև լուրջ սոցիալական խնդիրներ:

Այս տեղեկությունները մեզ են փոխանցել գյուղերի բնակիչները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դրանք հիմնավոր ստուգել է մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով:

Ահազանգերի ստուգումները վկայում են, որ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ այս դիվերսիոն հանցավոր արարքները կատարվում են դիտավորությամբ:

Շուրջ 1 ամիս առաջ ադրբեջանական զինվորականները նույն կերպ հրդեհներ էին գցել Գեղարքունիքի գյուղերի (Կութ, Վերին Շորժա, Սոթք և այլն) հարևանությամբ: Խոսքն այնպիսի բարձրադիր վայրերի մասին է, որտեղ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված էին նաև ձեռքով են մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներ զուգահեռ առաջացնում էին հրդեհների նոր օջախներ:

Ադրբեջանական զինված ուժերի հեռանալը ՀՀ գյուղերից և համայնքների միջև ճանապարհներից այլընտրանք չունի՝ երաշխավորելու համար ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը: Անվտանգության գոտին է, որ կարող է ապահովել սահմանային բնակիչների իրավունքները:

ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թվում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը վաղն առավոտյան միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին կուղարկվի նաև առանձին:

Արման ԹԱԹՈՅԱՆ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930