Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից մեկ տարի անց անկայուն, անորոշ վիճակում ենք, վստահ չենք, որ վաղը նորից ռազմական գործողություններ չեն սկսվի. «Փաստ»

Սեպտեմբեր 28,2021 09:00

Պարտությունից հետո մեզ պետք էր լռություն, գիտակցում, թե այս ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ, լավ, հիմա ի՞նչ ենք անելու: Բայց մենք ո՛չ լռեցինք, ո՛չ էլ գիտակցեցինք մեզ հետ տեղի ունեցած ողջ ողբերգությունը: Հիմա շատերն են ասում՝ տղերքն էին ափսոս… Այո՛, հազար ափսոս, որ նրանց արյամբ ներկված ու սնուցված հայրենիքն էլ կորցրեցինք, իսկ դրա լինելիությունը կարող էր մի փոքր սփոփանք լինել մեզ համար: Հիմա էլ կանգնած՝ անտարբեր նայում ենք, թե թշնամին ոնց է չափում-ձևում մեր Հայաստանի սահմանները, մեր երկրում, մեր սուվերեն պետության տարածքում անցնող ճանապարհներից մեկի վրա անցակետ տեղադրում, ստուգում քաղաքացիների անձնագրերը կամ դանակով քերում ու հեռացնում է Արցախի ֆուտբոլի պատանեկան հավաքականի երեխաներին Երևան բերող ավտոբուսի վրա պատկերված Արցախի դրոշը:

Դրոշի հետ նաև մեր արժանապատվությունն է քերում, մեր հոգուց մնացածը, մեր ողջ, բայց ավելի շատ մեռած մարմնի մի հատվածը: Մեր թշնամի հարևանի ատելությունը երբեք չի անցնելու, իսկ մի պաշտոնյա հույս ունի, թե Գորիս-Կապան ճանապարհը մի օր անվտանգ կդառնա, մեկն էլ գուցե, որ շուտով հարևանություն կանենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ: Նման բան երբեք չի լինելու: Եթե անգամ դառնանք բաց սահմաններով պետություն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի քնելուց առաջ պետք է դանակը բարձի տակ դնի: Մենք էլ հո չենք կարող մոռանալ Ադրբեջանում բացված «պուրակը», մեր հայ ռազմագերիների դատավարությունները, զինվորների անձնական իրերի ցուցադրությունը՝ որպես ռազմական ավար, թշնամի երկրի,ասենք, այդ նույն «պուրակում» կամ էլ այլ վայրում:

…Պատերազմից մեկ տարի անց մենք անկայուն, անորոշ վիճակում ենք, վստահ չենք, որ վաղը նորից ռազմական գործողություններ չեն սկսվի, վստահ չենք, որ վաղն էլ պայքար չի սկսվի Սյունիքի կամ Երասխի, Տավուշի կամ Երևանի համար: Մինչև 2050 թվականը երկրի զարգացման ռազմավարություն ներկայացնող իշխանություններն այսօր չեն կարող անգամ վստահաբար ու անկեղծորեն մեզ ասել, թե օրվա ավարտին կամ հաջորդ առավոտյան մեզ ի՞նչ է սպասվում, վաղը ռազմավարական նշանակության ո՞ր ճանապարհի վրա կհայտնվի թշնամին, վաղը Հայաստանի ո՞ր անկյունում կբարձրացվի թշնամի երկրի դրոշը, վաղը մենք պետություն կունենա՞նք:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930