ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով այն խոսակցություններին, թե 2009թ. էլ իրենց իշխանությունն էր փորձում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ ասաց. «Անթույլատրելի համեմատություն է. 2009թ. Սերժ Սարգսյանն ինքը նախաձեռնեց՝ առանց նախապայմանների, տեղի ունեցավ Մոսկվայից. Շատ կարևոր է, թե այդ ուղերձը որտեղից հնչեց՝ մեր ռազմավարական դաշնակցի մայրաքաղաքից հնչեց այդ ուղերձը: Այն ժամանակ նախապայման չկար, մենք ասում էինք՝ դուք կվավերացնեք՝ մենք կվավերացնենք: Ավելին, միջազգային հանրությունը՝ թե՛ մեր ռազմավարական դաշնակիցը, թե՛ մեր գործընկեր ԱՄՆ-ը, պաշտպանում էին Հայաստանի դիրքորոշումը: Ով մոռացել է՝ հիշեցնեմ՝ Քլինթոնը երկու անգամ մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքը, ասաց, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում: 2009թ. Ցյուրիխում մենք տեսանք, որ մեր գործընկերների և դաշնակիցների օժանդակության արդյունքում Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի կողմից Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուին թույլ չտրվեց, որպեսզի Ցյուրիխյան արձանագրության մեջ գոնե մեկ բառ լինի Ադրբեջանի մասին, գոնե մեկ բառ լինի Արցախի վերաբերյալ ադրբեջանամետ ձևակերպումների մասին: Այդ ընթացքում մեզ մեղադրում էին, որ կարող է Հայ դատը թերանա, մենք տեսանք, որ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակից Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Չեխիան ճանաչեց, Կիպրոսը ճանաչեց ժխտողականությունը, այն ժամանակ Շուշին ու Հադրութը մերն էին: Իսկ այսօր ի՞նչ է տեղի ունենում. այսօր այս անձնավորությունը մուրում է հանդիպում, այն էլ՝ Վրաստանի միջոցով, իսկ դա դո՞ւր է գալու քո ռազմավարական դաշնակցին: Երբ մուրում ես հանդիպում՝ դրանից հետո Էրդողանը մի քանի հատ նախապայման է դնում, ասում է՝ այս նախապայմանները կատարիր, նոր կհանդիպեմ: Այսքանից հետո այս իշխանությունը կանգնում-ասում է՝ դրական ազդակներ կան»:
Նա շեշտեց, որ հարևանների հետ հարաբերություններ հաստատելն անհրաժեշտ է, բայց կարևոր է՝ երբ և ինչ պայմաններում. «Այսօր ժամանակը չէ, այսօր ՀՀ-ն արնաքամ եղած վիճակում է: Ոնց որ ֆուտբոլիստի ոտքերը ջարդած մտցնես դաշտ՝ ասես՝ գնա, մի հատ ուժեղ թիմի հետ ֆուտբոլ խաղա: Ինչքան էլ ֆուտբոլիստն ուզենա խաղալ, եթե ոտքերը ջարդված են, արնաքամ է լինում, կարո՞ղ է խաղալ: Այսօր ՀՀ-ն պետք է վերականգնի իր իմունիտետը, պետք է ժամանակ ձգի, փորձի անվտանգային միջավայրը դաշնակցի հետ ուժեղացնել»:
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն Արցախի դեմ սանձազերծված պատերազմը թուրք-ադրբեջանական ագրեսիա էր անվանում. «Հիմա դու գնում ու հարաբերություններ ես մուրում մի պետության հետ, որի բայրաքթարներն են եղել քո պետության պարտության հիմնական պատճա՞ռը: Շուշիի դեկլարացիան ինքը կարդացե՞լ է, կամ որևէ մեկը ԱԳՆ-ում կամ ԱԽ-ում կարդացե՞լ է այդ դեկլարացիան, տեսե՞լ են՝ Թուրքիան ինչ է ուզում, Թուրքիային սպառնալիք համարո՞ւմ են, թե՞ ոչ, ի վերջո, սրանց համար պետությունը ազգային նկարագիր պետք է ունենա՞, թե՞ ոչ: Էդ որ առավոտից երեկո խաղաղության օրակարգից է խոսում, բա 2018թ. եկել էիր՝ խաղաղության օրակարգից խոսեիր. 5000 նահատակնե՞րն էին խանգարում, Շուշին ու Հադրութն էին խանգարո՞ւմ, որ խաղաղությունից խոսեիր»:
Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում