Այսօր ի հիշատակ մեկ տարի առաջ Արցախյան պատերազմում զոհված հերոսների՝ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակից մեկնարկեց հիշատակի երթ: Հարյուրավոր քաղաքացիներ քայլեցին դեպի 44-օրյա պատերազմում զոհված լոռեցի հերոսների պանթեոն:
Վաղ առավոտից պանթեոն են այցելում ոչ միայն հերոսների հարազատներն, այլ պաշտոնատար անձիք ու անծանոթներ՝ աղոթելով ու հարգանքի տուրք մատուցելով հերոս տղաներին:
Քայլերթին էին միացել իշխանության ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, զինվորականներ ու վանաձորցիներ:
Քայլերթը երեկոյան ավարտվեց պանթեոնում: Այստեղ ի հիշատակ հերոսների՝ կատարվեց հոգեհանգստի կարգ` ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Ապա ծաղիկներ դրեցին տղաների շիրիմներին:
Կարդացեք նաև
Վանաձորում պանթեոն ունենալու առաջարկն արվեց 2020 թվականի նոյեմբերին հրավիրված ավագանու նիստում:
Հերոսների հարազատներին առաջարկվել էր, որպեսզի տղաներին հուղարկավորեն պանթեոնում: Պանթեոնի համար հատկացվել է 3450 քառ. մ տարածք: Այդտեղ նախատեսվում է կառուցել նաեւ մատուռ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ