«Այսօր սգո օր չի կարելի համարել, քանի որ այսօր պայքարի սկիզբն էր»,- Գարեգին Նժդեհի արձանի մերձակայքում՝ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ի ոգեկոչում անմահ հայորդիների քայլերթի մեկնարկից առաջ հայտարարեց «44 քայլ դեպի վեր» հանրային նախաձեռնության հիմնադիր Գագիկ Գինոսյանը:
Ըստ նրա՝ իրականում սգո օր պետք է հայտարարել նոյեմբերի 9-ը, 10-ը, երբ մեր փոխարեն որոշեցին մի ամբողջ ազգի ճակատագիրը, և հայրենիքի մի ամբողջ մաս գերեվարության տրվեց:
Գագիկ Գինոսյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ մեկ տարի առաջ այս օրը պայքարի սկզբին էր, երբ ամբողջ ազգը լարված էր, սթրեսի մեջ, բայց մեկնեց ռազմաճակատ տղերքին օգնելու: Նա ցավով նշեց՝ անմահացած տղերքին կորուսյալ հայրենիք ենք պարտք մնացել, ավելի արժանապատիվ հայրենիք: Ըստ նրա՝ պետք է վերաարժևորել այն, ինչ կատարվեց մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 10-ից հետո: Սակայն ցավով նշեց, որ դա տեղի չունեցավ: Հասարակության 90 տոկոսը որևէ կերպ իր կենսակերպը, խոհերը չփոխեց. շարունակաբար ապրեցինք այնպես, կարծես այդ 44 օրը չէր էլ եղել:
Կարդացեք նաև
Ըստ Գագիկ Գինոսյանի՝ մենք տեսակի կռիվ ենք պարտվել, քանի որ 30 տարի չենք ունեցել հայկական ազգային կրթություն:
Այս առիթով նա հիշեց ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված համերգը ու վրդովվեց, «Այստեղ օրեր առաջ տեսաք՝ շքեղ կազմակերպված մի բան, որտեղից հերթական անգամ վտարված էր ազգային, հայկական մշակույթը: Բա մենք սիմֆոնիկ ենք անում, բա մենք դասական ենք անում, բա դուք ազգություն ունե՞ք պարոնայք, ազգը գիտե՞ք՝ ինչ է, թե՞ դուք ստրուկ եք ինչ-որ տեղերի: Ինչ-որ մարդիկ ասում են, թե էդ դրոնները ռազմական չեն: Հինգ հազար ոսկի տղայի վաթսուն տոկոսը դրոնից է զոհվել, հազար դրոն օ՞դ եք բարձրացնում՝ մղկտացնելով նրանց ընտանիքներին: Գիտակցո՞ւմ եք, որ խեղդվողի տանը ձեր գունագեղ պարաններով շոու եք անում: Դրոն եք բարձրացնում՝ ոնց որ թե էդ տղերքի հարսանիքն է»:
Ելույթներից հետո տասնյակ քաղաքացիներ Վազգեն Սարգսյան փողոց – Երևանի քաղաքապետարան – Հաղթանակի կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – «Եռաբլուր» երթուղով երթով շարժվեցին դեպի Եռաբլուր պանթեոն: «Եռաբլուր»-ի կամարի մոտից հաջորդաբար վառվեցին ճանապարհին տեղադրված 44 ջահերը, որոնք խորհրդանշում են դեպի վեր տանող ինքնակրթության ճանապարհը:
Բարձունքում` եկեղեցու հարակից տարածքում, տրվեց նաև «44 քայլ դեպի վեր» նախաձեռնության մեկնարկը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ