ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր խոսել է մեկ տարի առաջ սկսված 44-օրյա պատերազմի մասին, թե ինչը բերեց պատերազմի, որտեղ ենք մենք թուլացել, որտեղ է եղել բացթողումը:
«Պատերազմում մեր պարտությունը սկսվեց 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ իշխանության եկավ մի ուժ, որի նպատակը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության համակարգի փլուզումն էր, մեր պետականության հիմքերի թուլացումն էր, դիվանագիտական եւ մնացած բոլոր ոլորտներում վերջին 30 տարիներին բավականին ծանր գնով ձեռք բերվածը ուղղակի տապալելն էր: Պատահական չէր, որ պատերազմի առաջին օրերին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու: Այսինքն, պատերազմի պարտության անոնսը իշխանությունը պատերազմի նույնիսկ առաջին օրերին արդեն տվել էր: Այս իրավիճակում հասկանալի է չէ՞, թե դա հոգեբանական ինչ ազդեցություն է ունենում այն մարդկանց վրա, ովքեր այդ պահին առաջնագծում են, նրանց վրա, ովքեր պատրաստվում են գնալ ճակատ՝ համարելով, որ պատերազմն արդեն ավարտված է, որ պատերազմում պարտությունն արդեն ապահովված էր:
Մի շարք գործոններ արդեն իսկ կասկածի տեղիք են տալիս այն ամենում, որ այս պատերազմը իրականում սպասված էր: Այլ բան է, որ այս իշխանությունը ոչ միայն մտադիր չէր, այլեւ որեւէ քայլ չիրականացրեց այս պատերազմում մեր համար գոնե որոշակի այլ արդյունք արձանագրելու համար»,-ասաց պատգամավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ