Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները պահանջեցին Ղազանչեցոց եկեղեցու անվանումը բանաձևում դարձնել Ղազանչեցոց/Ղազանչի. բարդ ու լարված քվեարկություն՝ ԵԽԽՎ-ում

Սեպտեմբեր 27,2021 21:12

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացվում է «Հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» թեմայով քննարկում: Քննարկման է դրված նաև համանուն բանաձևը:

Բանաձևը պատրաստվել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի  զեկույցի հիման վրա:

Վեհաժողովը զեկույցում մտահոգություն է հայտնել մոտ 30 հայերի ճակատագրի վերաբերյալ, որոնց տեսել են, լուսանկարել կամ տեսանկարահանել գերության մեջ, բայց որոնց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա: Վեհաժողովը տագնապած է այն պնդումներից, որ այդ անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել են: Հետևաբար, Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին քննել այդ մարդկանց դեպքերը և համապատասխան տեղեկություն տրամադրել ՄԻԵԴ-ին և Հայաստանին:

Բանաձևի քվեարկությունից առաջ ծավալված քննարկման ընթացքում ԵԽԽՎ պատվիրակներից շատերը մտահոգություն հայտնեցին, որ Ադրբեջանը դեռ բոլոր հայ ռազմագերիներին չի վերադարձրել Հայաստանին, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամներն էլ հայտարարեցին, որ իրենք ամեն ինչ անում են խաղաղության հաստատման համար, սակայն հայկական կողմն է խոչընդոտում:

Բանաձևի ընդունումից առաջ ԵԽԽՎ-ում բավականին բարդ ու լարված քվեարկություն ընթացավ կապված բանաձևում առաջարկվող փոփոխությունների հետ:

Հայկական պատվիրակությունն առաջարկեց, որպեսզի բանաձևի վերնագրում հայ-ադրբեջանական հակամարտություն բառից հետո նաև ավելացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտություն բառերը: Այս առաջարկին դեմ արտահայտվեցին ադրբեջանական պատվիրակության անդամները՝ նշելով, որ դա հնարավոր չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղը իրավականորեն գոյություն չունեցող միավոր է: Այնուամենայնիվ, հայկական պատվիրակության առաջարկությունն ընդունվեց:

Ադրբեջանական պատվիրակությունը ցանկացավ զեկույցում հավելել այն, որ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում առ այն, որ անդամ երկրներն իրենց հանձնառությունները չեն կատարում, այդ պատճառով էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերջին 30 տարիների ընթացքում նկատելի արդյունքներ չեն տվել:

Այս առաջարկությանը դեմ արտահայտվեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, թե այսպիսով Ադրբեջանը ցանկանում է արդարացնել պատերազմը՝ մանավանդ, որ Սամադ Սեիդովը սպառնաց պատերազմով: Այս առաջարկությունն էլ ընդունվեց ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնության կողմից:

Ադրբեջանական պատվիրակությունն առաջարկել էր բանաձևում ավելացնել, որ հայ վարձկաններ են մասնակցել պատերազմին: Ռուբեն Ռուբինյանը հակադրվեց՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը 44-օրյա պատերազմի ընթացքում հաստատված փաստ է, որն ընդունել են մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ: Ադրբեջանական պատվիրակության առաջարկությունը չանցավ:

Երկարատև բանավեճ ծավալվեց այն հարցով, որ Ադրբեջանը ցանկանում էր բանավոր առաջարկություն անցկացնել, մինչդեռ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց՝ այն հանձնաժողովի նիստում չի քվեարկվել: Զեկուցողն էլ դա ընդունեց: Սակայն Սամադ Սեիդովը պնդեց, և նիստը նախագահողն այդ առաջարկությունը դրեց քվեարկության: Ռուբեն Ռուբինյանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ ընթացակարգը չի պահպանվել, և առաջարկությունն ընդունվել է ընթացակարգի խախտմամբ:

Ադրբեջանական պատվիրակությունը նաև առաջարկություն էր ներկայացրել բանաձևում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անվանումը դարձնել Ղազանչեցոց/Ղազանչի: Հայկական պատվիրակությունը դեմ արտահայտվեց՝ նշելով, որ այն կառուցվել է հայերի կողմից հայերի համար: Սակայն, առաջարկությունն ընդունվեց ԵԽԽՎ մեծամասնության կողմից:

Բանաձևն ընդունվեց ձայների 80 «կողմ», 18 «դեմ» և 3 «ձեռնպահ» հարաբերակցությամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ». ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։

Ի հեճուկս վերջին շրջանի Ադրբեջանի փորձերին՝ դուրս թողնել Լեռնային Ղարաբաղ անվանումը միջազգային փաստաթղթերից (Ադրբեջանի նախագահը երկու օր առաջ այդպիսի կոչ էր արել ՄԱԿ-ի ամբիոնից) մեզ հաջողվեց փոխել բանաձևի վերնագիրը և բանաձևի տեքստը՝ դրանում ընդգրկելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը, ինչը շատ կարևոր է։

Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ քվեարկեցին բանաձևին։

Բանաձևի՝ մեզ համար կարևոր արձանագրումները հետևյալն են․

– Վեհաժողովը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին անդամակցելով պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը հանդիսանում է այդ պարտավորությունների խախտում և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

– Վեհաժողովն, այնուամենայնիվ, նշում է Նախարարների կոմիտեին 2021 թվականի մարտի 16 -ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխանցած մտահոգությունները` կապված Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերի հետ (որոնցից մի քանիսը հետ են վերադարձվել Հայաստան): Այս կապակցությամբ Վեհաժողովը.

– գտնում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության:

– խորապես մտահոգված է շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց ներկայիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվության բացակայությամբ: Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել:

– կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին:

– շարունակում է մտահոգվել Եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շուրջ 45 հայերի կալանավորման պայմանների կապակցությամբ, ովքեր դեռ գերության մեջ են, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագացված քրեական դատավարությունների, ինչը վեր է հանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդար դատավարության անհրաժեշտության խնդիրները:

– կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման վերադարձնել նրանց Հայաստան:

– խրախուսում է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին (ECRI, ԽԿԿ) կատարել արտահերթ այց՝ չնայած այն բանի, որ ԿԽՄԿ-ն ն ունի կանոնավոր մուտքի իրավունք:

– վկայակոչում է մտահոգիչ ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկաններին:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից նրանց, ովքեր մնացել կամ վերադարձել են, Վեհաժողովը.

– խորապես ափսոսում է տարածաշրջանից միջազգային հանրության բացակայության կապակցությամբ՝ մուտքի խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անհամաձայնության պատճառով, այս առումով նկատի ունենալով իր 2240 (2018) բանաձևը «Անսահմանափակ մուտք դեպի անդամ պետություններ, ներառյալ՝ «գորշ գոտիները», Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ -ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների կողմից» և հիշեցնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական պարտավորությունները՝ լիարժեք և բարեխղճորեն համագործակցել մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային մեխանիզմների հետ, ներառյալ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մեխանիզմները:

– հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող բոլոր անձինք, այդ թվում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ունեն լիարժեք պաշտպանության հավասար իրավունք, այդ թվում՝ մոնիտորինգի համապատասխան մեխանիզմների միջոցով:

– կիսում է նրանց լքվածության զգացումը և ընդգծում նրանց մտահոգությունը սահմանային միջադեպերի, ադրբեջանական զորքերի մոտ գտնվելու և կրակոցների կանոնավոր հնչելու կապակցությամբ:

– նշում է այն դժվարությունները, որոնց նրանք բախվում են ապրուստի միջոցների, պատերազմի հետևանքով հասցված վնասի վերականգնման և վերացման, նոր բնակարանների տրամադրման, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության առումով:

– կոչ է անում ներգրավված բոլոր պետություններին ապահովել միջազգային անկախ մարդասիրական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

Վեհաժողովը լրջորեն մտահոգված է 2021 թվականի մայիսից սահմանի տարբեր կետերում միջադեպերի թվի ավելացմամբ։ Եղել են սպանվածներ և վիրավորներ, գերի են վերցվել հայ զինվորներ։

– դատապարտում է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, մասնավորապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և դատապարտում է վեցշաբաթյա պատերազմի ժամանակ մշակութային ժառանգությանը միտումնավոր հասցված վնասը, Սուրբ Փրկիչ եկեղեցու, Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու կանխամտածված գնդակոծությունը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանների ավիրումը կամ վնասումը:

– նախկին ավերածությունների լույսի ներքո՝ շարունակում է մտահոգվել բազմաթիվ հայկական եկեղեցիների, վանքերի ապագայի շուրջ՝ այդ թվում Խութավանքի/Դադիվանքի վանքի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ տեսակների մասին, որոնք վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

– իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում զարգացող «Կովկաս-Ալբանական» ժառանգությունը քարոզող հորինվածքի վերաբերյալ՝ փոխարինելու համար այն, ինչ համարվում է «հայկական» մշակութային ժառանգություն:

– առաջարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել զարգացող հորինվածքը, որը քարոզում է «Կովկասյան ալբանացիների» ժառանգությունը, համոզվելու համար, որ այն չի շահարկվում կողմերից մեկի կողմից:

Ատելության խոսքը վաղեմի խնդիր է երկու երկրներում, ինչպես նշում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովն իր զեկույցներում, մասնավորապես Ադրբեջանի վերաբերյալ, որը քննադատության է ենթարկվել նաև Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի հարցերով Խորհրդատվական կոմիտեի կողմից:

-Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք շարունակում են անընդունելի ձևով ներկայացնել հայերին։ Այսպես կոչված, «Ռազմավարի պուրակը» Բաքվում լուրջ անհանգստություն է հարուցում, և Վեհաժողովը համարում է, որ ծաղրանկարված և կարծրատիպային մանեկենների օգտագործումը սաստկացնում է անհանդուրժողականության մակարդակը և տեղ չպետք է ունենա հասարակությունում կամ թանգարանում:

– Վեհաժողովը շարունակում է մնալ անհանգստացած և ազդված տարածաշրջան միջազգային կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ այցելելու շարունակական խափանմամբ և կոչ է անում երկու կողմերին նպաստել նրանց մուտք գործելուն:

– Ուստի, Վեհաժողովը Նախարարների կոմիտեին առաջարկում է հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի մարտի 16–ի Նախարարների կոմիտեին արված ծանուցմանը՝ հայ գերիների վերաբերյալ և նպաստել այս ընթացիկ հարցի լուծմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930