Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական նիստերի անհիմն հետաձգումներ, տարիներով քննվող գործեր. Արման Թաթոյանը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները

Սեպտեմբեր 27,2021 20:15

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում դատարանների կարողությունների զարգացմանն ուղղված նախատեսվող ծրագրի մանրամասները, որն իրականացվելու է Շվեդիայի դատական համակարգի հետ։

Արման Թաթոյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են  դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։

Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների անթույլատրելի պրակտիկային: Նա նշել է, որ  ստացված բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տևում, որի արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, իսկ նման դեպքերում նրանց խախտված իրավունքի վերականգնման արդյունավետ կառուցակարգեր առկա չեն:

Խնդիրը լուծում չի ստացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակումից և Սահմանադրական դատարան դիմելուց հետո:

Նա տեղեկացրել է նաև, որ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում իր իրավասությունների շրջանակում Պաշտպանը լիազորված է դիմելու դատական իշխանության` դատական պրակտիկայի ամփոփման համար պատասխանատու մարմիններին` դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու դատական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ:

Պաշտպանը կարևորել է Բարձրագույն դատական խորհրդի դերը, հատկապես՝ դատարանների հանդեպ ինստիտուցիոնալ վստահության բարձրացման հարցում և ընդգծել ԲԴԽ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը ծրագրի շրջանակում դատական համակարգի կատարելագործման ուղղությամբ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930