ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանն այսօր՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին այցելել էր Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին։ Լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով դիտարկմանը՝ Փաշինյանը կարող էր ավելի շուտ կանգնեցնել պատերազմը, քանի որ նման առաջարկ է եղել ՌԴ նախագահից, ասաց․ «Բա որ ասում էր, թող կանգնեցներ, եթե Պուտինն ուզում էր կանգնեցներ պատերազմը, Փաշինյանը չէ՞ր թողնում։ Կամ թեկուզ Ֆրանսիան, Ամերիկան։ Փաշինյա՞նը չէր թողնում»։
Սասուն Միքայելյանի պատմելով՝ այդ ժամանակ ինքը Ջաբրայիլում է եղել, եթե այդ երեք խոշոր պետություններից մեկն ուզեր պատերազմը կանգնեցներ՝ կկանգներ․ «Գալիս ասում էին՝ զինադադար է լինելու, ես ասում էի՝ ավելի զգույշ եղեք»։
Նա ասաց, որ ինքն այն հոգեբանությամբ չի ապրում, որ կորցրածը հետ չենք բերի․ «Բնական է, որ պետք է հետ բերենք, բայց էսօր խելոք լինենք, համախմբվենք, այս ատելությունը՝ մեկը մյուսի հանդեպ, դուրս գա, որ մարդիկ գիտակցեն՝ պետականության խնդիր է դրված, ոչ թե Միքայելյան Սասուն կամ Օնիկ կամ էն մյուսը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ