Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի «պահը»

Սեպտեմբեր 27,2021 17:54

Մեկ տարի առաջ սկսվեց կործանարար պատերազմը։ Պարտությունից և կապիտուլյացիայից հետո բազմաթիվ կարծիքներ հնչեցին պատերազմի կանխման հնարավորության մասին՝ որոշակի զիջումների դիմաց, պատերազմի ընթացքում Ռուսաստանի միջնորդությամբ այն դադարեցնելու, շատերն իրենց դատարկաբանությամբ, ավելի հեռուն գնացին, պարտության մեղքը գցելով, Ռուսաստանի, նաև «նախկինների» վրա։

Այն, որ Ադրբեջանը տարիներ շարունակ պատրաստվում էր պատերազմի, հայտնի է բոլորին։ Սակայն, ինչպես իրավացիորեն նշեց Ադրբեջանի նախագահը, իրենք սպասում էին հարմար պահի այն սկսելու համար։ Եվ այդ «պահը» նրան նվիրեց այսօրվա վարչապետը։

Իսկ այդ «պահը» հանկարծ չծագեց 2020 թ․ սեպտեմբերի 27-ին։ Այդ «պահը» սկսվեց դեռևս 2018թ․։ Հիշենք վարչապետի առաջին այցը Դուշանբե, ԱՊՀ գագաթնաժողովին։ Կարճատև վերելակային «բանակցությունների» արդյունքում, դադարեցին թշնամու կրակոցները։ Այդ ի՞նչ «իմաստուն» դիվանագիտության արդյունք էր։ Համոզված եմ, որ վարչապետը խնդրել է Ադրբեջանի նախագահին առայժմ ձեռնպահ մնալ սադրանքներից, մինչև ինքն ամրապնդի իր իշխանությունը Հայաստանում և քայլ առ քայլ հասունացնի «հարմար պահը»։ Սրան հետևեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ հարուցված «քրեական գործը» և հետևողականորեն շարունակվող հակառուսական քաղաքականությունը։ Կարելի է առավել մանրամասն ներկայացնել այդ երկու տարիների ընթացքում կատարվածը՝ հասարակության պառակտման, անորակ զենքերի գնման, փորձված հրամանատարների մեկուսացման և այլնի մասին։

Իսկ այժմ զանազան տեսակետների մասին։

1.Պարոնայք, զիջումների կողմնակիցներ, այսքանից հետո, մի՞թե ձեզ թվում է, թե ինչ-ինչ զիջումներից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է տարակուսում, «մեծահոգաբար» հանդարտվելու էր և այլ զիջումներ չէր կորզելու։

2.Պարոնայք, «նախկիններին» մեղադրողներ, դուք շատ լավ գիտեք, որ ցանկացած պարտության մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանությունն է։ Ձեր բերած «փաստարկները» ոչ մի քննություն չեն բռնում․

-Այո, Ադրբեջանն իր սպառազինությամբ գերազանցում էր Հայաստանին։ Բայց  նույն 90-ականներին, նաև 2016թ․ քառօրյա պատերազմների ժամանակ նա նույնպես մեզ գերազանցում էր։ Սակայն այն ժամանակ մենք ունեինք հաստատակամություն և ազգային ոգի, որը երկու տարիների ընթացքում ոչնչացվեց։ Պատմությունը ցույց է տվել բազմաթիվ օրինակներ, երբ առավել քիչ ռեսուրսներով երկիրը հաղթել, կամ առնվազն չի պարտվել աշխարհի հզորներին․ Ֆինլանդիա, Վիետնամ և այլն։

-Երբ 2018թ․ ձեր պաշտելին զավթեց իշխանությունը, անկախ «նախկինների» թողած ժառանգությունից, նա պատասխանատվություն վերցրեց հայության համար ամենակարևոր՝ Արցախի հիմնահարցի համար։ Իսկ գուցե այդ «պատասխանատվությունը» Արցախի հանձնելն էր, թեկուզ պատերազմով և հազարավոր զոհերով, որ չասեն «դավաճան»։

3. Պարոնայք, Ռուսաստանին մեղադրողներ, եթե դուք լինեիք Ռուսաստանի ղեկավարության փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք, եթե․

-Ձեր ՀԱՊԿ դաշնակիցը, ողջ աշխարհով խայտառակում է կառույցը, նրա գլխավոր քարտուղարին համարելով քրեական հանցագործ։ Հետևողականորեն փչացնում է հայ-ռուսական հարաբերությունները։ Եվ վերջապես չի ճանաչում Արցախի հանրապետությունն ու ռազմական դաշինք կնքում նրա հետ (այ այս հարցում կարելի է մեղադրել նաև բոլոր «նախկիններին»)։ Թե՞  ձեր կարծիքով Ռուսաստանը պետք է շարժվի միայն ու միայն «հայասիրական» մոտիվներով, անտեսելով «անկախ, ինքնիշխան Հայաստանի» արտաքին քաղաքականությունը, անտեսելով նաև պատերազմի դադարեցման առաջարկությունները և պատերազմի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հանուն առաջին քրիստոնյա հայ ժողովրդի փրկության։

Ամփոփենք․

Այսպիսով` պատերազմ սկսելու և պարտության «պահը» սկսվեց 2018թ․ և ավարտվեց 2020թ․ սեպտեմբերի 27-ն․ «Եկեք պայմանավորվենք, որ մեզ պարտված չենք համարելու»։

Համոզված եմ, թե անկախ նրանից, որ Ադրբեջանը տարիներ ի վեր սպառազինվում էր և պատրաստվում պատերազմի, միևնույն է․

Միշտ պետք էր պատրաստ լինել պատերազմի, որով էլ հենց խուսափել պատերազմից։ Հնարավոր պատերազմի սկսման դեպքում հնարավոր էր հմտորեն կառավարել պատերազմը և հաղթել, կամ առնվազն չպարտվել, ինչպես 2016թ․։

Այնպես որ՝ և պատերազմը, և պարտությունը, և Արցախի կորուստը, և հազարավոր զոհերը, ունեն մեկ մեղավոր և պատասխանատու՝ զարմանալիորեն և ամոթ բոլորիս, դեռևս իշխանության՝ այսօրվա վարչապետ կոչեցյալը։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930