Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ

Սեպտեմբեր 27,2021 17:24

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ադրբեջանաթուրքական ագրեսիայի տարելիցի առթիվ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, խախտելով ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային իրավունքի հիմնարար դրույթները, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի խաղաղ բնակչության դեմ։

Պատերազմի հենց սկզբից և ամբողջ ընթացքում ադրբեջանա-թուրքական ուժերը դիտավորյալ և ոչ խտրական հարվածների տակ են պահել Արցախի գրեթե բոլոր խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտն ու բոլոր խիտ բնակեցված համայնքները։ Արգելված զինատեսակների կիրառմամբ ադրբեջանական կողմը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո գտնվող օբյեկտները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, շտապ օգնության մեքենաներ և այլ հումանիտար նշանակության օբյեկտներ։

44 օրվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների՝ ուղեկցվելով լայնածավալ ռազմական հանցագործություններով, որոնք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած փաստահավաք աշխատանքների արդյունքում ամփոփվել են հրապարակված 10-յակից ավելի զեկույցներում ու ներկայացվել միջազգային համապատասխան կառույցներին։

Ադրբեջանական կողմի հանցավոր գործողություններին զոհ են գնացել 80 քաղաքացիական անձինք, որոնցին 42-ը հեռահար հարվածներից, 38-ը՝ ադրբեջանական գերության մեջ։ Քաղաքացիական 163 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Մոտ 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս մնում է անհայտ։

Անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ ադրբեջանական կողմը առանձնակի դաժանությամբ անարգել, կտտանքների է ենթարկել և խոշտանգել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինները։ Այսօր էլ շարունակում է միտումնավոր թաքցնել հայ ռազմագերիների իրական թիվն ու շինծու դատավարություններ իրականացնել գերության մեջ գտնվող հայ զինծառայողների նկատմամբ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի 40 000 բնակիչներ զրկվել են իրենց տներից և ունեցվածքից, և թեև իրականացվող ծրագրերին՝ շարունակում են ամեն օր առերեսվել իրենց իրավունքների խախտումների՝ լիարժեքորեն չարժանանալով միջազգային հանրության և հումանիտար կազմակերպությունների ուշադրությանը։

Հայերի նկատմամբ ատելության խոսքի և անհանդուրժողականության քարոզը, որ 30 տարի շարունակ համակարգված կերպով իրականացվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից, առավել մեծ ծավալներով դրսևորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում՝ արտահայտվելով ադրբեջանական իշխանությունների, հանրային, մշակութային գործիչների և հանրության տարբեր ներկայացուցիչների խոսքում և կոչերում։

Ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը՝ Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի և ահաբեկման մթնոլորտ ձևավորելու, նրանց բնականոն կյանքը խաթարելու և տարբեր հումանիտար հարցերում խոչընդոտներ հարուցելու ճանապարհով։

Նույն քաղաքականության բաղադրիչ է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը, որը միտված է ոչնչացնելու հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը և խեղաթյուրելու դրանց պատմական պատկանելիությունը։

Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ մեր բազմաթիվ ահազանգերը չեն արժանացել միջազգային հանրության հստակ գնահատականին, և պատերազմից մեկ տարի անց էլ իրագործած ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանը չի ենթարկվել պատասխանատվության։

Չնայած այս ամենին՝ Արցախի ժողովուրդը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն առաքելությանը և վճռական պաշտպանելու իր իրավունքը՝ ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու սեփական հայրենիքում։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930