«Մենք շատ հպարտ ենք, որ ի դեմս Եվգենի Կիսինի եւ նրա տիկնոջ՝ Կարինե Արզումանովայի, ունենք նման բարեկամներ»,- ասաց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
Փառատոնի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի խոսքով, Եվգենի Կիսինը մի քանի տասնյակ տարի դասական երաժշտության նշաձողն ամենաբարձր մակարդակի վրա է պահել:
Եվգենի Կիսինը սեպտեմբերի 29-ին հերթական փայլուն համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում` «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում:
«Ես ամեն անգամ հաճույքով եմ գալիս ձեր հրաշալի երկիր, որը սիրում եմ մանկուց»,-ասաց երաժիշտը եւ հիշեց, որ իր առաջին այցը Հայաստան եղել է 37 տարի առաջ: Ներկայացնելով համերգային ծրագիրը՝ հավելեց, որ Բախը, Մոցարտը, Բեթհովենը եւ Շոպենը իր ամենասիրելի կոմպոզիտորներն են:
Կարդացեք նաև
Հարցին՝ որտեղի՞ց է սկիզբ առնում իր առանձնահատուկ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, որ անգամ հրաժարվում է Թուրքիայում ելույթ ունենալ, Եվգենի Կիսինը պատասխանեց. «Կարծում եմ՝ մենք հրեաներս էլ այդպիսի հարց կհնչեցնեինք… Իմ առաջին այցելությունից հետո, երբ ես Հայաստան եկա մայրիկիս եւ ուսուցչուհուս հետ, ընդամենը 12 տարեկան էի: Մեզ շատ վայրեր ցուցադրեցին` Գառնի, Գեղարդ, Սեւան, Էջմիածին, հնարավոր չէր այդ չսիրել այդ ամենը եւ չգնահատել հայկական հյուրընկալությունը: Ես հիշում եմ իմ ելույթը «Մոսկովյան վիրտուոզների» հետ եւ այն, թե ինչպես էր ալեկոծվում ունկնդիրը, ինձ անգամ ներս չթողեցին, որովհետեւ ես տոմս չունեի»:
Նա հիշեց նաեւ Մարտիրոս Սարյանի որդու` Ղազարոս Սարյանի հետ հանդիպումը եւ հյուրընկալությունը եւ ներկայացրել պատմությունը, թե ինչպես չի կարողացել դահլիճ մտնել. «Լազար Մարտիրոսովիչը ինձ պատասխանեց` Ժենյա, կարեւորը, որ երբեք չկորցնես հումորի զգացումը: Եթե քեզ վրա գոռում են, հանգիստ ասա, որ պետք է ներս մտնեմ, մինչեւ մեկը մոտենա եւ ասի, որ դու արտիստ ես եւ պետք է ներս մտնես, դու գոռգոռոցներին չպետք է ուշադրություն դարձնես»:
Աշխարհահռչակ երաժիշտն ասաց, որ բազմաթիվ հայ ընկերներ ունի, եւ Սումգայիթից, երկրաշարժից ու Բաքվի դեպքերից հետո չէր կարող կարեկցանքի զգացողություն չունենալ հայերի հանդեպ: Ասաց նաեւ, որ մինչեւ Թուրքիան չընդունի Հայոց ցեղասպանությունը, ինքը համերգներ չի ունենա այդ երկրում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ