Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգեզուրի միջանցքի բացումը նախապայման է, դա պահանջ է. Ալիև

Սեպտեմբեր 27,2021 16:40

Զանգեզուրի միջանցքի բացումը նախապայման է Հայաստանի հետ բանակցությունների մեկնարկի համար: Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Իհարկե, դա պահանջ է: Քանի որ այդ մասին ասվում է նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Հայաստանը ստանձնել է այդպիսի պարտավորություն: Եթե չկատարի այդ պարտավորությունը, ապա ի՞նչ կարգավորման մասին կարող է խոսք լինել… Հայաստանը պետք է ճիշտ վերլուծի հետպատերազմական շրջանը: Հիմա միանգամայն այլ իրողություն է… Ուստի, ստեղծված իրավիճակում ես կարծում եմ, որ Հայաստանը լավ կանի առավել շատ ջանքեր ներդնի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Քանի որ դա կարևոր է նրանց համար: Մենք առանց դրա էլ կարող ենք ապրել: Ինչպես որ ապրել ենք նախկինում»,- ասել է Ալիևը:

Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված արդեն աշխատանքներ են տարվում Ադրբեջանի տարածքում:

«Մենք Ադրբեջանում սկսել ենք լայնածավալ աշխատանքներ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ: Զանգելանում կառուցվում է երկաթուղի և մայրուղի, օդանավակայաններ: Կարծում եմ մեր տարածքում մենք աշխատանքները կավարտենք երկու տարվա ընթացքում, քանի որ աշխատանքների ծավալը շատ մեծ է: Հայաստանի տարածքում երկաթուղու և մայրուղու երկարությունը կլինի 40կմ: Դա կարող է տևել մեկից մեկուկես տարի»,- ասել է նա:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանը պետք է ձգտի կարգավորել հարաբերությունները նաև Թուրքիայի հետ:

«Հայաստանն առաջին հերթին պետք է ձգտի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Միաժամանակ կարգավորի հարաբերություններն Ադրբեջանի հետ: Թող հստակեցնի իր սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Նրանք պետք է առավել շատ ջանք գործադրեն այդ ուղղությամբ, քան մենք»,- ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի սահմաններ ներխուժելուն՝ Ալիևն ասել է, որ ադրբեջանական ուժերը «մոտեցել են Հայաստանի սահմաններին և տեղակայվել իրենց տարածքներում՝ համաձայն մեր քարտեզների»: «Եթե Հայաստանն այլ կարծիք ունի, թող նստի բանակցությունների սեղանի շուրջ: Կքննարկենք: Դա կարող է տևել մեկ տարի, հինգ տարի, 30, ով գիտի: Կրկնում եմ՝ Հայաստանը պետք է գիտակցի այսօրվա իրողությունը սահմանների հարցում: Ամենակարճ ժամկետներում նա պետք է ընդունի մեր պայմանները, և լուծի այս խնդիրը, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր սահմանները»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930