Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ որևէ հանդիպում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ չի նախատեսվում:
«Նման ծրագիր չկա»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսում:
Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի վարչապետն ընտրություններից հետո մի քանի դրական ուղերձ է հղել Թուրքիային, որին հետևել են դրական ուղերձներ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից:
«Ի սկզբանե մեր գլխավոր նպատակն այն էր, որ (Արցախում-խմբ.) ռազմական գործողությունների դադարից, պատերազմի ավարտից հետո այս տարածաշրջանը դառնա խաղաղության և կայունության տարածաշրջան: Այդ ուղղությամբ Ադրբեջանը, ինչպես գիտեք, Հայաստանին առաջարկել է ստորագրել համապարփակ խաղաղության պայմանագիր: Առայժմ Հայաստանի կողմից դրական պատասխան չկա»,- ասել է Չավուշօղլուն:
Կարդացեք նաև
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Անկարան իր հետագա քայլերը ևս, «ինչպես միշտ» կհամաձայնեցնի Բաքվի հետ:
«Ինչպես միշտ, մենք կլինենք Ադրբեջանի կողքին և կհամաձայնեցնենք մեր քայլերը Բաքվի հետ: Մենք կոորդինացնում և համաձայնեցնում ենք Ադրբեջանի հետ մեր գործողությունները, միասին որոշումներ ենք կայացնում, և այդպես կլինի նաև հետագայում»,- ասել է Չավուշօղլուն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ