Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ զարմացնում են քննադատությունները, եթե խաղաղության դարաշրջան չունես, որտե՞ղ ես դու գնում». Գեւորգ Պապոյան

Սեպտեմբեր 27,2021 16:11

Այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանին հարցրեցինք՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկում՝ արտագաղթի ալիքը կանգնեցնելու համար, որովհետեւ հրապարակվեց, որ 2500 հադրութցի արդեն լքել է Հայաստանը: Նա պատասխանեց, որ արտագաղթի թվերի մեջ մանիպուլյացիա կա. եթե նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատեն, ճանապարհները այն ժամանակ փակ էին, հիմա բաց են. «Կարեւոր է դիտարկել խորքային պատճառները: Եթե թիվը դիտարկենք տարվա կեսի, ասենք՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ, էլի մեթոդական առումով սխալ է լինելու: Մենք շատ լավ գիտենք, որ մարտ ամսին ՌԴ գնացած մարդկանց մեծ մասը նոյեմբերի վերջին վերադառնում է տուն: Դա արտագաղթ չի, եթե մարդը գնում է ժամանակավոր աշխատանքի, հետո վերադառնում է, հետո նորից գնում է»:

Նա ասաց, որ արտագաղթը մարտահրավեր է ու դա եղել է ե՛ւ 90-ականներին, ե՛ւ 2000-ականներին ու դժվար է հասնել նրան, որ արտագաղթ չլինի:

Հարցին՝ երբ մենք անվտանգության հարց չենք լուծել, արտագաղթը ո՞նց եք էականորեն նվազեցնելու՝ Պապոյանը վկայակոչեց ՔՊ-ի նախընտրական ծրագիրը եւ կառավարության ծրագիրը. «Շատ հստակ նշված է այնտեղ մեր պարտավորությունը՝ Հայաստանում խաղաղության դարաշրջան բացելու մասին: Երբ որ մենք խոսում ենք այդ խաղաղության, սահմանագծման ու սահմանազատման մասին, դա հենց այդ խնդրի լուծման պատճառով է: Մենք ինքներս շատ լավ հասկանում ենք, որ եթե ուզում ենք արտագաղթ քիչ լինի, դրա լուծումներից մեկը հենց խաղաղության դարաշրջանն է: Եթե մենք ուզում ենք, որ սահմանները անվտանգ լինեն եւ մարդիկ մտածեն երեխա ունենալու մասին, մենք նորից պետք է վերադառնանք այդ խաղաղության դարաշրջանի տրամաբանության մեջ եւ դրա ուղղությամբ շեշտակի քայլեր իրականացնենք: Ինձ զարմացնում են քննադատությունները, եթե խաղաղության դարաշրջան չունես, որտե՞ղ ես դու գնում: Սահմանագծման, սահմանազատման նպատակը հենց դա պետք է լինի, որպեսզի Հայաստանում երկարատեւ խաղաղություն սահմանվի ու դա տեսանելի լինի: Դրա չլինելու հիմքեր ըստ էության չլինեն»:

Հիշեցրինք, որ խաղաղության գինը թշնամիները հրապարակել են՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, մենք պատրաս՞տ ենք այդ գինը վճարել՝ Պապոյանը պատասխանեց, որ այդ հարցերն ուղղենք մեր ԱԳՆ-ին. «Մեր խնդիրը Հայաստանում խաղաղության դարաշրջան բացելն է: Խաղաղության դարաշրջան բացելը դա միայն մի երկրի հետ չի»:

Դիտարկմանը՝ մեր խաղաղության հիմնական խոչընդոտները գիտենք ովքեր են՝ Ադրբեջանը մեր ռազմագերիներին չի տալիս, խոշտանգում է, Թուրքիան սպառնում՝ ո՞ւմ հետ գնալ խաղաղության՝ Պապոյանն ասաց, որ ավելի դետալացված պատասխաններ կտան ոլորտի պատասխանատուները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930