Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորիս-Կապան ճանապարհի խնդիր չկա․ այդ ճանապարհը, միջազգային նորմերի համաձայն, հայկական տարածքում է»․ քաղաքագետ

Սեպտեմբեր 27,2021 15:57

«Մեզ համար վտանգավոր միտում կա․ մեր երկու խոշոր հարեւանները՝ Ռուսաստանը եւ Թուրքիան, ուզում են մեկուսացնել Հարավային Կովկասը։ Իրենք ուզում են լուծել հարցերը Հարավային Կովկասում եւ դա ձեւակերպեցին 3+3 ձեւաչափով՝ երեք հարավկովկասյան երկրներ եւ ՌԴ-Թուրքիա-Իրան։ Փորձ է արվում նեղ շրջանակում լուծել միջազգային հարցերը»,-«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» կազմակերպած՝ «Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ «Մինչդեռ ՀՀ-ն ԵԱՀԿ անդամ է, հարավկովկասյան մյուս երկրները՝ նույնպես։ ՀՀ-ն պետք է պայքարի, որ ԵԱՀԿ շրջանակում նման խնդիրները լուծվեն։ Անվտանգային համակարգը ԵԱՀԿ-ին է, որի անդամն ենք։ ՀՀ կառավարության վրա ճնշումը շատ լուրջ է եւ առաջնահերթ այն ՌԴ-ից է։ Բայց մենք նրա համար ենք կոչվում անկախ, որ դիմենք ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին»,-համոզմունք հայտնեց փորձագետը։

Նա նաեւ նշեց, որ այս փուլում ակտիվ շարունակվում է տարածաշրջանի ռազմականացումը, ավելին՝ Ադրբեջանը նոր խաղացողի է բերում ի դեմս Պակիստանի․ «Ավելի լավ չի՞, որպեսզի Հայաստանն աշխատի Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»։

Անդրադառնալով Ադրբեջան-ՀՀ սահմանազատման-սահմանագծման հարցին՝ քաղաքագետը նշեց՝ ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը դեմ չէ սահմանազատմանը, բայց մի նրբություն կա՝ ո՞ր քարտեզների համաձայն․ «ՀՀ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի եւ միջազգային արբիտրաժային դատարանի միջոցով պետք է այդ հարցը բարձրաձայնի։ Իբր թե «վիճելի» շատ տեղեր ԽՍՀՄ ժամանակ են ստեղծվել․ Գորիս-Կապան ճանապարհի խնդիր չկա, այդ ճանապարհը, միջազգային նորմերի համաձայն, հայկական տարածքում է։ ԵԱՀԿ-ում կա սահմանազատման լուրջ փաստաթուղթ, որի շնորհիվ հնարավոր է սահմանազատման միջազգային նորմերով շարժվել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930