Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանը՝ պատերազմից հետո «ձեռքբերումների» մասին

Սեպտեմբեր 27,2021 15:48

Այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանին հարցրեցինք՝ ձեր քաղաքական գնահատականն ենք ակնկալում՝ որքա՞ն արդյունավետ մենք կարողացանք այս 1 տարին ծախսել՝ պատերազմից հետո, ի՞նչ քայլեր կարողացանք իրականացնել ու որտե՞ղ է գլխավոր թերացումը:

Պապոյանը խոսեց պատերազմից հետո իր խոսքերով «ձեռքբերումների» մասին. «Ամենամեծ ձեռքբերումը այս ընթացքում եղել է այն, որ կարողացել ենք երկրի ներքաղաքական կայունությունն ապահովել եւ դրանով իսկ երկիրը նոր ցնցումների չտանել: Պատերազմից հետո, ցավալի արդյունքներից հետո բավական լուրջ խնդիրներ ունեինք ներքաղաքական, որը կարող էր բերել եւ հանգեցնել էլ ավելի լուրջ խնդիրների: Մասնավորապես ես հիշում եմ, որ մենք այդ օրերին խորհրդակցություններ էինք ունենում ու ամենակարեւոր հարցերից մեկն այն էր, որ մակրոտնտեսական կայունությունը մեր երկրում չխաթարվի: Եթե մենք չկարողանայինք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, դրա հետեւանքները շատ-շատ ավելի բարդ էին լինելու մեր երկրի համար: Ի ուրախություն մեզ՝ մենք այդ պահին կարողացանք դա ապահովել: Դրան հաջորդեցին նաեւ որոշակի ներքաղաքական լարումներ, ինչի հանգուցալուծումը եղան ընտրությունները: Այդ առումով անցած մեկ տարվա ընթացքում եթե ասենք՝ ինչ ենք մենք արել ու դա հաջողություն է ունեցել, առաջինն այն է, որ մեր երկրի մակրոտնտեսական կայունությունն ամբողջովին ապահովվել է եւ երկիրը մտել է տնտեսական շարունակական աճի փուլ: Եվ երկրորդն այն է, որ կարողացել ենք որոշակիորեն ներքաղաքական համերաշխության գալ: Այդ ներքաղաքական համերաշխության լուծում տվողը եղել է ժողովուրդը՝ իր ընտրությամբ: Կարծես թե ժողովրդի ընտրության հետ բոլորը համաձայն են, հաշտ են, դա շատ կարեւոր է: Եթե նայենք ինչ ենք կարողացել անել այդ բարդ իրավիճակում՝ դա է»:

Իսկ թե ինչ չեն կարողացել անել՝ Պապոյանն ասաց. «Նոր խորհրդարանի ու նոր ձեւավորված կառավարության առջեւ դրված խնդիրները հենց դրանք են, որպեսզի առկա խնդիրները, որոնք չենք կարողացել լուծել, կամ ավելի դանդաղ տեմպերով ենք լուծում, արագություն հաղորդենք»:

Հարցին՝ հիմնական թերացումը ո՞րն եք համարում՝ Պապոյանը պատասխանեց. «Չեմ ասի թերացում, ես կասեմ, որ մեր ժողովուրդն ունի ակնկալիք սոցիալ-տնտեսական կյանքում ավելի արագ բարեփոխումների եւ իր կյանքի որակի էլ ավելի արագ լավացման: Մենք պետք է ավելի մեծ արագություն հաղորդենք այստեղ…Մնացած մասով՝ ե՛ւ ձեռքբերումների, ե՛ւ թերությունների, կարծում եմ, ճիշտ կլինի ավելի կոմպետենտ պաշտոնյայի դիմեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930