«Հայաստանում հունիսին կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին և կարճ ժամանակահատվածի համար լավ կազմակերպված»,- ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստին հայտարարեց ԵԽԽՎ պատվիրակ Ջորջ Կարտուգալոսը՝ ներկայացնելով իր պատրաստած զեկույցը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակներին ներկայացվեց հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքների մասին զեկույցը:
Զեկույցում ամրագրված է. «Հայաստանում քաղաքական դաշտի կտրուկ, դրամատիկ փոփոխությունը, որից առաջ վերջին երկու տասնամյակներում գերակշռում էր Հանրապետական կուսակցությունը և ինչը սկսվել է 2018 թվականին, հաստատվել է 2021 թվականին»:
ԵԽԽՎ զեկույցում անդրադարձեր կան նաև արձանագրված թերություններին. «Ընտրական համակարգում կատարված փոփոխություններն այնքան հապշտապ են տեղի ունեցել և այնքան մոտ ընտրությունների օրվան, որ հնարավոր չի եղել ընտրողներին պատշաճ կերպով իրազեկել այդ փոփոխությունների մասին»:
Կարդացեք նաև
ԵԽԽՎ զեկուցողի մտահոգության առարկան է նաև այն, որ քարոզարշավի ընթացքում գերիշխել է ագրեսիվ հռետորաբանությունը, քաղաքական ուժերի փոխադարձ մեղադրանքները:
Ըստ Ջորջ Կարտուգալոսի՝ քվեարկության ընթացքը եղել է թափանցիկ, ընտրական օրը՝ հանգիստ: Սակայն փաստաթղթում ամրագրումներ կան ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ: Բանաձևում մասնավորապես նշված է. «ԵԽ դիտորդները նկատել են, որ որոշ դեպքերում ընտրողների վրա ճնշում է գործադրվել մասնավոր և պետական ոլորտի ներկայացուցիչների կողմից: Պետական ռեսուրսի չարաշահումը նկատվել է ողջ քարոզարշավի ընթացքում»:
ԵԽԽՎ զեկույցում մտահոգություններ են արձանագրված նաև մասնագիտական պարտականությունների իրականացման ժամանակ լրագրողների նկատմամբ գրանցված ոտնձգությունների առնչությամբ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ