Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ասենք, որ պատրաստվում ենք պատերազմի, կընկալվի, որ պատրաստվում ենք ռեւանշի»․ ՔՊ-ական պատգամավոր

Սեպտեմբեր 27,2021 15:31

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» կազմակերպած՝ «Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց» խորագրով քննարկման ժամանակ այսօր ներկաներից մեկը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փոխադարձ դրական ազդակներ են իրար հղում Թուրքիայի նախագահն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վիգեն Խաչատրյանն այսպես բացատրեց․ «Դրական»-ը վերաբերում է ոչ թե բովանդակությանը, այլ երեւույթին, որը դրական է գնահատվել։ Այլ բան պետք չի փնտրել։ Ասվել է, որ ստացվել են դրական ազդակներ, այսինքն՝ մենք դրական ենք վերաբերվում երկխոսության մեջ մտնելու պատրաստակամությանը։ Մենք բացահայտ հայտարարել ենք, որ մեր համար որեւէ նախապայման ընդունելի չէ։ Ուստի «դրական» բառը վերագրեք միայն ազդակին, այն չի վերաբերում այլ բանի»։

Հարց հնչեց նաեւ այն մասին, թե ինչու է իշխանությունն անընդհատ առաջ տանում «խաղաղության օրակարգը», երբ Ադրբեջանի գործողությունները բոլորովին հակառակն են փաստում։ Վիգեն Խաչատրյանը նշեց․ «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի։ Բայց եթե մենք ասենք, որ պատրաստվում ենք պատերազմի, կընկալվի, որ մենք պատրաստվում ենք ռեւանշի՝ հարձակման։ Մենք դրան չենք պատրաստվելու։ Եթե շատ անկեղծ լինենք, անգամ դրան պատրաստվելիս այդ մասին չպետք է խոսել։ Մեր խաղաղության ծրագիրը ձեւ չի, բովանդակություն է, վերաբերում է նաեւ արտաքին լսարանին, ներքինին եւս։ Եթե հարատեւ խաղաղություն ենք ուզում, դա զարգանալու, բանակն ու տնտեսությունը հզորացնելու իրական հնարավորություն է»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պարբերաբար մատնանշվող «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ պատգամավորը նկատեց․ «Նիկոլ Փաշինյանը քանիցս ասել է, որ մեր համար «միջանցք» բառն ընդունելի չի։ Խոսքը ճանապարհի մասին է։ Մենք ենք որոշելու, թե մեր սուվերեն տարածքով անցնող ճանապարհն ինչպես ենք հսկելու։ Դա էլ չի բացառվում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930