Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ ասում են ընդդիմությունը լինելու է շատ անհարմար ընդդիմություն, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւմն է այդ անհարմարությունը»․ Միքայել Մելքումյան

Սեպտեմբեր 27,2021 15:13

Այսօր Եռաբլուր պանթեոն են այցելում բազմաթիվ քաղաքացիներ, ներկա եւ նախկին պաշտոնյաներ՝ հարգելու 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը։

Եռաբլուր էր այցելել ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Եռաբլուրը միակ ազգային համախմբման վայրն է, որտեղ ցանկացած հայ գալիս է հարգանքի տուրք մատուցելու մեր զոհված հերոսների հիշատակին։ Եռաբլուրը պետք է թելադրի եւ թելադրում է՝ մարդիկ իզուր չեն զոհվել, այդ զոհվելու արժեքն այն պետք է լինի, որ մենք չպետք է հաշտվենք այս պարտության հետ եւ անպայման պետք է այն իղձով եւ մտքով ապրենք, որ վաղ, թե ուշ մենք մեր հաղթանակը պետք է տանենք։ Ի՞նչ բովանդակությամբ հաղթանակ, ի՞նչ ձեւով, ե՞րբ, սա արդեն երկրորդ հարցն է, բայց իհարկե, ես կարծում եմ՝ իրավունք չունենք հաշտվելու այս իրողության հետ»,-ասաց Միքայել Մելքումյանը։

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին էլ Մելքումյանն ասաց․ «Իմ անձնական կարծիքն այն է, որ մենք իհարկե, եթե հիշում ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը՝ սահմանները բացելը, բայց պայմաններից մեկն այն պետք է լիներ, որ մենք ցեղասպանության խնդիրն առաջ չտանենք, պահանջատիրությունից հրաժարվենք, բնականաբար, դա խիստ անընդունելի կարող է համարվել, բայց մենք նաեւ հասկանում ենք, որ պետք է բանաձեւը գտնենք, թե ինչպես կարճ ժամանակում ուժեղանանք: Առայժմ ես չեմ տեսնում այդ ուժեղանալու բանալին եւ քաղաքականությունն ինչում նէ կայանում, չգիտեմ՝ ի՞նչ ծրագրեր են մշակվում, ես չեմ տեսնում այդ արագ եւ ինքնուրույն գործոն դառնալու քաղաքականությունը»։

Անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, նա ասաց՝ դա լավ բանի մասին չի խոսում, բայց մենք պետք է հասկանանք, որ պետք է արագ այդ բանալին գտնենք․ «Թե՝ ե՞րբ եւ ո՞նց կգտենք․․․ ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի, բանալին որպեսզի կարողանանք․․․ իհարկե, նոր պատերազմն անընդունելի է, բայց այնպիսի դիվանագիտություն եւ հարաբերություններ ձեւավորենք ե՛ւ մեր ռազմավարական գործընկերոջ հետ եւ ընդհանրապես տարածաշրջանում, որպեսզի կարողանանք այս կամ այն կերպ վերականգնենք թեկուզ քայլերով, բայց դա պետք է երեւա, որ գնում ես վերականգնման, ոչ թե այլ ուղղությամբ»։

Նա նաեւ ասաց, որ այսօր պարզ չէ, թե ՀՀ-ն դիվանագիտության ինչ ուղենիշ է բռնել։

«Ընդհանրապես պատերազմներից հետո երկրները սկսում են թռիչքաձեւ զարգանալ, բայց եթե առաջանում է նոր կայուն իրավիճակ։ Հիմա կարծես բոլորիս մոտ այն մտայնությունն է, որ պատերազմը շարունակվում է, դրա ապացույցներից մեկն է Որոտանում եւ այլ տեղերում ստեղծված իրավիճակն է՝ պարզ չէ, թե մեր հողերը, մեր սահմանը որքան է, եւ հղում անել Խորհրդային քարտեզներին, դա կարծես ողջամիտ չէ»,-ասաց Միքայել Մելքումյանը։

Կմիանա՞ արդյոք ԲՀԿ-ն ընդդիմության փողոցային պայքարին, ի պատասխան այս հարցի, Մելքումյանն ասաց․ «Ճիշտն ասած, այդ որ ասում են ընդդիմությունը լինելու է շատ անհարմար ընդդիմություն, մինչեւ հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւմն է կայանում այդ անհարմարությունը։ Այսինքն, եթե սենց շարունակվի, աշխատանքային կամ հարկային օրենսգիրք քննարկելո՞ւ են ընդդիմությունը իշխանության հետ, ի՞նչ են անելու։ Մենք էլ ենք եղել ընդդիմություն, մենք հետպատերազմական վիճակում տեսնելով, որ չի գնում այն ուղղությամբ, որ պիտի գնա, գիտեք, որ բոյկոտում էինք, չէինք մասնակցում, հիմա ի՞նչ է լինելու, դեռեւս այս մասից էլ հստակ ազդակներ չեմ տեսնում։ Եվ հետո պետք է ճիշտ հաշվարկվի՝ եթե ժողովրդին հանում ես դուրս, ի՞նչ ֆորմուլայով է լուծումը տրվում, դուրս եկան քանի անգամ, ոնց է լինում․․․»։

Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հրաժարվո՞ւմ են միանալ ընդդիմության պայքարին, ի պատասխան այս հարցի, Միքայել Մելքումյանն ասաց․ «Գագիկ Ծառուկյան ու ԲՀԿ-ն իրենց տեղում են։ Ոնց եղել են։՝ մենք մեր ինքնուրույն քաղաքականությունն ենք վարում եւ մեր դռները բաց են բոլորի առջեւ, Բարգավաճի ծրագրերը կընդունեն, կշարժվեն առաջ՝ կհամագործակցենք բոլորի հետ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930