Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ռուս խաղաղապահները 4 տարի հետո գնան, Արցախի հայ բնակչությանը էթնիկ բնաջնջում է սպառնում»․ Սոսի Թաթիկյան

Սեպտեմբեր 27,2021 15:00

«Արցախի բնակչությունը կկանգնի էթնիկ բնաջնջման վտանգի առաջ։ Փաստերը շատ են, այդ թվում՝ առաջին պատերազմի տարիներից։ Անգամ խաղաղ ժամանակներում են Ադրբեջանի կողմից էթնիկ ատելության գործողություններ ու քարոզչություն իրականացվել»,- «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» կազմակերպած՝ «Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման եւ անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը։

Նրա խոսքով․ «Եթե ռուս խաղաղապահները չորս տարի հետո դուրս գան, ապա Արցախի հայ բնակչությանը էթնիկ բնաջնջում է սպառնում։ Այս հարցում, կարծում եմ, հակափաստարկ չկա, հետեւաբար՝ միջազգային հանրությունը, որը ծանոթ է տարածաշրջանի վիճակին, պարտավորություն ունի Արցախի հայ բնակչությանը պաշտպանելու․ պատասխանատվություն ունի։ Այդ պատասխանատվությունը միայն ռուս խաղաղապահներինը չէ։ Միջազգային հանրությունը պետք է օգնության ձեռք մեկնի ՀՀ-ին, որը նախկինում Արցախի անվտանգության երաշխավորն էր, եւ մտածի, թե ինչպես պետք է ապահովել Արցախի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։

Սոսի Թաթիկյանի համոզմամբ․ «Աշխարհաքաղաքական շահերը չպետք է խոչընդոտեն այդ իրավունքների կատարմանը։ Ճիշտ է, մենք շնորհակալ ենք Ռուսաստանին, որ կանգնեցրեց պատերազմը, բայց ռուս խաղաղապահները չունեն միջազգային մանդատ, նրանք գործում են նոյեմբերյան հայտարարության հիմքով, որը ոչ թե համաձայնագիր է կամ պայմանագիր, այլ ուղղակի հայտարարություն։ Անգամ եթե Ադրբեջանն ուզի ստորագրել ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատող փաստաթուղթ, այն չի ապահովի միջազգային մանդատ։ Ադրբեջանն արդեն իսկ վարկաբեկում է ռուս խաղաղապահներին՝ հայտարարելով, որ չորս տարի անց նրանք պետք է լքեն Արցախը, եւ որ վերջինս չի կարող կարգավիճակ ունենալ։ Ուստի մենք պետք է դիտարկենք միջազգային խաղաղապահ մանդատի քննարկման հարցն Արցախում՝ ներառելով նաեւ ռուս խաղաղապահներին։ Նման առաքելությունը կարող է լինել ոչ միայն ռազմական, այլեւ ունենալ քաղաքացիական, հումանիտար օգնության գործառույթ, ինչպես եղել է աշխարհի մի շարք այլ թեժ կետերում»։

Փորձագետը նաեւ նշեց՝ այն, ինչ այսօր ադրբեջանական կողմից ներկայացվում է որպես Հայաստանի ապաշրջափակում, իրականում հակառակ սցենարն ունի․ «Ադրբեջանական սցենարով դրա իրագործման դեպքում ՀՀ-ն կզրկվի Վրաստանի եւ Իրանի հետ հաղորդակցությունից, կդառնա լրիվ շրջափակված՝ ունենալով «զոնաներ»։ ՀՀ տարբեր մասեր միմյանց հետ կարող են կորցնել հաղորդակցությունը։ Ուստի Ադրբեջանից պարտադրվող այդ սցենարը չի կարող ընդունելի լինել ՀՀ-ի համար»։

Սոսի Թաթիկյանը նաեւ ասաց, որ Արցախի խնդիրը լիովին դուրս է եկած միջազգային իրավունքի տիրույթից․ «Այլ է հարցը, թե ինչպես է հնարավոր Ադրբեջանին հետ բերել հակամարտության բանակցային սեղանի շուրջ։ Այս հարցում ԵԱՀԿ ՄԽ լուրջ աջակցության կարիքն ունենք։ Նաեւ ՄԱԿ-ի, եւ, ինչու չէ, ՆԱՏՕ-ի, որի ակտիվ գործընկերն ենք եղել տարիներ շարունակ։ Սա կարեւոր է՝ հաշվի առնելով նաեւ Թուրքիայի անմիջական մասնակցությունը պատերազմին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930