Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո՛, մենք նոր պարտքեր վերցնելու ենք». Ֆինանսների նախարարը՝ Ջանջուղազյանի հրաժարականի ու պետական պարտքի մասին

Սեպտեմբեր 27,2021 14:46

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ տվեց, թե 44-օրյա պատերազմի արդյունքում որքա՞ն վնաս է կրել մեր տնտեսությունը: Նա ասաց, որ 2020-ի ընթացքում տնտեսական ակտիվության վրա ազդել է կորոնավիրուսի համավարակը եւ պատերազմը եւ այդ երկու հանրագումար գործոնով է պայմանավորված 7,4% տնտեսական անկումը, որն արձանագրվել էր:

Հարցրեցինք՝ 1 տարի անցավ պատերազմից, ինչքանո՞վ ենք մենք արդյունավետ ծախսել այդ ժամանակը՝ նախարարը պատասխանեց. «Մեր ժամանակը 2020-ի ընթացքում եւ 2021-ի ընթացքում մշտապես ծառայեցել ենք այն խնդիրների քննարկմանը, որոնք անկանխատեսելի իրավիճակներում ի հայտ են եկել տնտեսության առջեւ եւ սոցիալական հետեւանքներ են նաեւ ունեցել, պահանջել են կարգավորումներ: 2020-ին մենք բազմաթիվ հակաճգնաժամային՝ ե՛ւ սոցիալական նշանակության, ե՛ւ տնտեսական նշանակության միջոցառումներ էինք քննարկում կառավարությունում: Դրա արդյունքում փաստերի վրա հիմնված գործիքակազմ էինք մշակում եւ դա կիրառում՝ տնտեսության առանձին ոլորտներին աջակցելու համար: 2021-ի ընթացքում, հաշվի առնելով, որ սոցիալական, տնտեսական խնդիրները է՛լ ավելի են խորացել՝ մենք այս ժամանակահատվածում նույնպես այդ միջոցառումներից շատերը շարունակել ենք, մշակել ենք բազմաթիվ նոր միջոցառումներ, որոնք պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրները կարգավորելուն ուղղված միջոցառումներ ու անելիքներ են: Ժամանակը բաց թողնված չէ, այդ ժամանակն օգտագործվում է այնպես, որ այդ խնդիրները գտնվեն լուծման մեջ եւ լուծվեն»:

Տիգրան Խաչատրյանին նաեւ հարցրեցինք՝ պետական պարտքը ռիսկային է արդեն, ձեր նախարարության դիրքորոշումն ինչպիսի՞ն է, ձեռնպա՞հ ենք մնալու նոր պարտքեր վերցնելուց, թե՞ վերցնելու ենք առաջիկայում՝ նախարարը պատասխանեց. «Մենք միշտ ունեինք պարտք վերցնելու եւ մեր ունեցած պարտքերը սպասարկելու պարտավորություններ: Չի՛ լինելու թե՛ հիմա, թե՛ ապագայում երբեւէ, որ կառավարությունից որեւէ մեկը նոր պարտք չվերցնի, բոլոր կառավարությունը վերցնելու են նոր պարտքեր, սպասարկելու են եղածները: Այդ առումով, այո՛, մենք նոր պարտքեր վերցնելու ենք: Մենք պարտքը չենք ավելացնելու այնպես, որ դա վտանգավոր լինի մակրոտնտեսական կայունության տեսանկյունից»:

Նախարարն ասաց, որ առաջիկա 5 տարիների պարտքը չպետք է լինի ավելի բարձր, քան 60%-ը ու բոլոր պարտքային պարտավորությունները պետք է սպասարկենք առաջնահերթորեն. «Նոր վերցվող պարտքը ծառայելու է բացառապես նոր կապիտալ նշանակության զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար»:

Հարցին՝ չե՞ք գտնում, որ արդեն իսկ վտանգավոր աստիճանի է արտաքին պարտքը, մեծ ռիսկ կա՝ նախարարը պատասխանեց. «Մեծ ռիսկային չափի չենք հասցրել, մեր պարտքը 2020-ի արդյունքներով 63,5 տոկոս է եղել, բայց ինչն իր հիմքում ունի շատ հասկանալի բացատրություններ: Այն մարտահրավերները, որ ստեղծվել են սոցիալ-տնտեսական կյանքում, պահանջում են լուծումներ, այդ լուծումները կատարվում են նաեւ պարտքի հաշվին ներգրավվող ծախսային գործիքակազմով: Ինչ վերաբերում է 2021-ի մենք նախորդ տարվանից կունենանք էապես ցածր պարտքային ցուցանիշ՝ ՝61%-ը չի գերազանցի»:

Հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ նախորդ նախարարը՝ Ատոմ Ջանջուղազյանը հեռացավ՝ հենց պետական պարտքի հետ կապված կառավարության հետ հակասություն ունենալու պատճառով, դուք հիմա այդ առումով կարծես հաշտ եք կառավարության դիրքորոշման հետ՝ Խաչատրյանը պատասխանեց. «Ես որեւէ այդպիսի պարզաբանում չեմ լսել, որ կապ ունի պարոն Ջանջուղազյանի եւ կառավարության մեր մյուս անդամների կարծիքների հակասության հետ, ամենեւին նման փաստ ինձ հայտնի չէ: Պարտքի վերաբերյալ մենք կարող ենք ունենալ տարբերվող կարծիքներ, որեւէ էական խնդիր չկա: Կարեւորը՝ սկզբունքն է, իսկ սկզբունքն այն է, որ պարտքը պետք է մնա կառավարելի, պետք է պարտք ներգրավես այնքան, որքան կարողանում ես սպասարկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930