Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը ոչ թե չի ուզում սահմաններ ունենալ, այլ ուզում է այն սահմանները, որոնք կարող է գծել ուժով»․ Ստյոպա Սաֆարյան

Սեպտեմբեր 27,2021 14:08

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» կազմակերպած՝ «Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց» խորագրով քննարկման ժամանակ այսօր զեկույցի տեսքով ներկայացվեցին Արցախի հարցով 2020թ․-ի նոյեմբերյան հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, ուժի կիրառման սպառնալիքները, ՀՀ սահմանների վրա հարձակումները եւ հրադադարի ռեժիմի խախտումները։

«Նոյեմբերի իննի փաստաթուղթը շարունակում է մնալ որպես հրադադարի հաստատման փաստաթուղթ, եւ ոչ ավելին։ Այն չի հանդիսանում հակամարտության կարգավորման փաստաթուղթ եւ չի ներառում հակամարտության կարգավորման առանցքային հարցի՝ Արցախի կարգավիճակի խնդիրը»,-հայտարարեց ՄԱՀՀԻ ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Նա ժամանակագրությամբ ներկայացրեց, որ նշյալ հայտարարությունից հետո իրականացված Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները կրել են ծանր տեսք՝ ՀՀ սահմաններին եւ Արցախի շփման գծում զինատեսակների գործադրմամբ, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժմամբ, ՀՀ տարածքում հայ զինվորների սպանությամբ եւ գերեվարմամբ, քաղաքացիական անձանց ահաբեկմամբ, հայ ռազմագերիների հարցի շահարկմամբ, նրանց շինծու մեղադրանքներով բանտարկմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ․ «Այս ամենն ուղեկցվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ՀՀ-ի եւ հայ ժողովրդի հանդեպ սպառնալիքների խոսքերով, ՀՀ տարածքի հանդեպ հավակնություններով»։

Սաֆարյանը հիշեցրեց՝ ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ դեռեւս 2020թ․ դեկտեմբերին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Ալիեւի հայտարարություններում բացահայտ տարածքային հավակնություններ դրսեւորվեցին Սյունիքի մարզի, Սեւանա լճի եւ Երեւանի հանդեպ․ «Այս բոլոր տարածաշրջանների հանդեպ հավակնությունները ոչ միայն արտացոլվել են քաղաքական հայտարարություններում, այլեւ իրականում։ Այդ օրը Ալիեւը նշեց, որ իր ժողովուրդը դարերով ապրել է այդ հողերի վրա։ Իսկ ապրիլին ասաց՝ երբ ժամանակը գա, մենք վերադառնալու ենք Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուր։ Նման հայտարարություններով ի ցույց դրվեցին Բաքվի ուղիղ նկրտումները ՀՀ Սյունիքի մարզի հանդեպ։ Ուժի սպառնալիքի միջոցով «Զանգեզուրի միջանցքը» իրագործելու հայտարարություններ են հնչել նոյեմբերյան հայտարարությունից հետո։ Փորձել են պատմականորեն հիմնավորել այդ «միջանցքի»՝ ադրբեջանական լինելը։ Ադրբեջանը փորձում է միջանցքի թեզն օրակարգ դարձնել, մինչդեռ այն ամրագրված չէ որեւէ փաստաթղթով։ Իսկ մայիսին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ռազմական ներխուժումը հենց Ադրբեջանի բարձր քաղաքական ղեկավարության կողմից ներկայացվել է որպես սահմանազատման-սահմանագծման գործընթացի մաս՝ ըստ էության արձանագրելով, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա ուժի սպառնալիքի կամ դրա կիրառության ներքո։ Ավելին՝ Ալիեւը հայտարարել է, որ Սեւ լճի տարածքն իրենց է պատկանում»։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողությունները ցույց են տվել, որ վերջինս նպատակ չունի միջազգային չափանիշներին համապատասխան սահմանագծում իրականացնել, քանի որ կարծում է, թե դա պետք է իրագործվի «իր պատմական հայրենիքի սահմանագծման տեսքով»՝ ուժի պարտադրանքով․ «Ալիեւը ոչ թե չի ուզում սահմաններ ունենալ, այլ ուզում է այն սահմանները, որոնք կարող է գծել ուժի, ուժի սպառնալիքի միջոցով։ Ապացույցներից են միջազգային հանրության մի շարք կոչերն ու հայտարարությունները, որոնցում խնդրի համապարփակ լուծման առաջարկներից են միջազգային մեխանիզմները։ Ադրբեջանը չի պատասխանում նման առաջարկներին, ուստի շահագրգռված չէ հարցը միջազգային չափանիշներով լուծել։ Ակնհայտ է, որ նման խնդիրների լուծման ուղղություններից մեկը ԵԱՀԿ ՄԽ համախագահության ներքո բանակցային գործընթացի անհապաղ վերականգնումն է։ Խնդիր է մնում այն, որ Ադրբեջանին միասնական ջանքերով պետք է միջազգային իրավունքի դաշտ բերել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930