Լրահոս
Օրվա լրահոսը

«750 մլն դոլարը ինչի վրա գնաց՝ մենք այդպես էլ չհասկացանք». Արթուր Խաչատրյան

Սեպտեմբեր 27,2021 13:53

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց 2021 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Ժամը 11-ին Հայաստանում եւ Արցախում լռության րոպե էր հայտարարված, ուստի այդ ժամին հանձնաժողովի անդամները ոտքի կանգնեցին՝ հարգելու 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց պետական պարտքի ցուցանիշը. «Կիսամյակի արդյունքներով պետական պարտքը 4 տրիլիոն 393 մլրդ դրամ է կազմել, այդ թվում՝ կառավարության պարտքը՝ 4 տրիլիոն 162 մլրդ, ԿԲ-ինը՝ 23 մլրդ: Մեր պարտքի կառուցվածքը այս ժամանակահատվածում քիչ չափով փոխվել է դեպի ներքին պարտք, բայց վերջին տարիներին մեր արտաքին պարտքը ընդհանուր պարտքի կառուցվածքում մնում է 80%՝ 77-78%-ի սահմաններում եւ ներքին պարտքը՝ 23-24%-ի սահմաններում: ԿԲ-ի 232 մլրդ դրամ պարտքից 55 մլրդ դրամը կառավարության երաշխիքներով ապահովված վարկերն են»:

Նախարարն ասաց. «Արտաքին վարկերը կառավարության պարտքի կառուցվածքում 62,1% են կազմել 2020-ի վերջին եւ 54,1% են կազմել 2021-ի ավարտին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց՝ արտաքին պարտքի կառավարման ռազմավարության մեջ եւ 2021-ի բյուջեում նախատեսված է, որ պարտքի ձեւավորման հիմնական աղբյուրները պետք է լինեն արտաքին աղբյուրները. «Կառավարության դեկտեմբերի 30-ի որոշման մեջ էական փոփոխություն տեղի ունեցավ եւ ներքին պարտք բաժինը 12 մլրդ ընդամենը մնաց: Դա հետեւանքով նաեւ ներգրավվեց 750 մլն-ի եվրոպարտատոմսերը: Այն ժամանակ, երբ ես կառավարության անդամ էի, կարմիր գիծ էր՝ պարտք ներգրավում ենք միայն կապիտալ ծախսերի համար: Մինչդեռ 750 մլն դոլարը ինչի վրա գնաց՝ մենք այդպես էլ չհասկացանք: Հաշվի առնելով, որ գնացել է կայունացման դեպոզիտային հաշվի վրա, ես ենթադրում եմ, որ դա գնացել է՝ կուրսը պահելու համար: Ինչի՞ մենք ավելի ցածր արտաքին վարկերից, որոնք գնում էին բացառապես կապիտալ ծախսերի վրա, հանկարծ գնացինք պարտատոմսերի թողարկմանը, որն ինչի վրա ծախսվեց՝ տեղեկություն չկա»:

Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Կարո՞ղ է մենք պարտատոմսեր վերցրեցինք, որ ավելի հեշտ ծախսենք, ընթացիկ ծախսեր անենք օրինակ: Միանգամից ասեմ՝ ոչ: Կան բյուջետային կանոններ՝ պարտքը որոշակի շեմից չպետք է անցնի, դա ռազմավարությամբ հայտարարված է, երբեք ընթացիկ ծախսերը չպետք է լինեն ավելին, քան հարկային եկամուտների մեծությունը: Ընթացիկ ծախսերը չեն կարող որեւէ դեպքում գերազանցել պետության հարկային եկամուտները, ինչը նշանակում է, որ բոլոր պարտք վերցվող միջոցները՝ կարեւոր չի՝ ներքին աղբյուրներից, արտաքին աղբյուրներից, բացառությամբ օգտագործվում են կապիտալ ծախսերի համար: Ձեր մտավախությունը տեղին չէ, մենք երբեք պարտք չենք վերցնում՝ ընթացիկ ծախսերի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930