Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղություն մեր վերացման տարբերակով էլ կարող է լինել». Ռազմական փորձագետ

Սեպտեմբեր 27,2021 13:38

«Մասնագիտական քննարկումը անվանել եմ «Անավարտ պատերազմ» մի շարք հանգամանքներ հաշվի առնելով: Առաջին հերթին պատերազմն իր ռազմական կոմպոնենտով դեռ շարունակում է ակտուալ մնալ մեր տարածաշրջանում, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են զբաղեցնել Հայաստանի` միջազգայնորեն ընդունված ինքնիշխան տարածքը, ռազմատենչ հռետորաբանությունը եւ սպառնալիքները չեն դադարում հայկական զույգ պետությունների հասցեին:

Աբրահամ Գասպարյան

Երկրորդ գլխավոր խնդիրն այն է, որ քարոզչական դաշտում ՀՀ իշխանությունը չի կարողանում պատշաճ ուղերձներով պատասխանել այն ռազմաշունչ հռետորաբանությանը, որը գալիս է Բաքվից եւ Անկարայից: Եվ երրորդ` տարածաշրջանում անվտանգային տեկտոնային լուրջ շարժեր են տեղի ունենում` Իրանի դեմ պատերազմի սպառնալիքից սկսած մինչեւ Իրան-ԱՄՆ միջուկային համաձայնագրի վերադարձի խնդիր, մինչեւ Սիրիայում ռուս-թուրքական պայմանավորվածությունների` դոմինոյի էֆեկտ, եւ դրա անդրադարձը մեր տարածաշրջանի վրա, մինչեւ Աֆղանստանից տաբեր խմբավորումների ներկայացուցիչներից Արցախի օկուպացված տարածքներում վերաբնակեցնելու խնդիր եւ այսպես կոչված Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատում, եւ Թուրքիայի նախագահի այն նվաստացնող ուղերձները, որ հղում է Հայաստանի եւ ՀՀ ղեկավարության հասցեին»,-նշեց Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը: Նրա ձեւակերպմամբ, այս ամենը փաստում է, որ պատերազմը չի ավարտվել:

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի ձեւակերպմամբ, մի պարզ ճշմարտություն կա` եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի: «Իսկ խաղաղության ամենամեծ երաշխիքը հզոր լինելն է: Չի կարող պատահել, որ պարտված եւ թույլ լինես, ունենաս թշնամի, որն ունի ռազմատենչ հռետորաբանություն եւ հավակնություններ այս տարածքի նկատմամբ, բայց դու հասնես խաղաղության: Խաղաղություն, նայած ինչ գնով ես ձեռք բերում` մեր վերացման, ոչնչացման տարբերակով էլ կարող է լինել: Եթե մենք չկանք, չկա խնդիրը, դա նշանակում է կա խաղաղություն»,-ասաց Արթուր Եղիազարյանը:

Նրա խոսքով. «Չկա մի ողջամիտ մարդ, ոըը չի ցանկանա խաղաղություն, բայց այդ խաղաղությանը պիտի հասնես, իսկ դա հնարավոր է միայն հզորանալու ճանապարհով: Այս ճանապարհը, որ ունենք, եթե նայենք պատերազմից հետո պարտվողական համաձայնագիրն էլ ներառյալ, դրանից հետո չի եղել որեւէ գործընթաց Հայաստանի օգտին: Մենք ընկած վիճակում ենք եւ ունենք քաղաքական իշխանություն, որը պարտված է, այդ պարտվածը ոչ կարող է բանակցել, ոչ էլ մեր երկրի շահերը պաշտպանել: Այստեղ պետք է լինի թիմային փոփոխություն: Դնում եմ մի կողմ` դավաճանություն է եղել, դավաճանություն չի եղել կամ անփորձության արդյունք է: Փաստն այն է, որ այն թիմը, որը չի հաջողել, պետք է հեռանա»:

Ռազմական փորձագետը Հայաստանի հետ պատահածը աշխարհաքաղաքական զարգացումներին համատեքստում դիտարկելով` փաստեց, որ դեռեւս 2020թ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի հետ պայմանագիր էր ստորագրել` Զանգելանի տարածքում հանքերը շահագործելու վերաբերյալ. «Դա պատերազմից 5 ամիս առաջ էր: Դա նշանակում է` նրանք նախապատրաստած էին, տեղյակ էին, կարելի նաեւ դրանով պայմանավորել իրենց շահերը, երբ ծծմբային ռուբեր էին օգտագործում ու ցանկացած միջոց, բայց չակերտավոր միջազգային հանրությունը լռում էր, ամեն մեկը իր շահերն էր առաջ տանում:

Մենք պետք է ունենանք մեր շահը` որպես ազգություն, որպես պետություն` ինչ ենք ուզում: Գուցե բոլորին ձեռ է տալիս Հայաստանի չգոյությունը, ուրեմն պիտի ասենք, որ ամբողջ աշխարհն այդպես է ընդունում, հաշտվե՞նք…Ոչ, մենք պետք է պարտադրենք մեր մոտեցումը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930